Երեւան/Մեդիամաքս/. «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը հայտարարել է 2 ուղեգրի խաղարկության մասին Հալիձոր գյուղից դեպի Տաթեւի վանք ճոպանուղու բացման արարողությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամում /ՀԱՄՀ/, խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գնել «Տաթեւի վերածնունդ» ծրագրի $10 արժողությամբ ֆոնդահայթայթման տոմս http://www.tatev.am/i-buy-campaign կայքից: Տոմսը կարելի է ձեռք բերել կրեդիտային քարտի, կամ Pay Pal համակարգի միջոցով: Երկու հաղթողները, անկախ բնակության երկրից, կստանան տրանսպորտային եւ կեցության բոլոր ծախսերը ներառող 2-ական հրավեր աշխարհի ամենաերկար ճոպանուղու բացման արարողությանը: Ճոպանուղու երկարությունը կազմելու է 5,7 կմ: Բացման օրը նրա առաջին ուղեւորներն են լինելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, տեղեկացրել են ՀԱՄՀ-ում: Tweet Դիտում՝ 13748