Դեպի Տաթեւի վանք ճոպանուղու բացումը կկայանա հոկտեմբերի 16-ին
02.08.2010 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /





Երեւան /Մեդիամաքս/. Հալիձոր գյուղը Տաթեւի վանքի հետ կապող` աշխարհում ամենաերկար ճոպանուղու բացումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:
Ինչպես հայտնել է ճոպանուղու եւ ենթակառուցվածքի շինարարարական աշխատանքների ղեկավար, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի /ՀԱՄՀ/ Խորհրդի անդամ Արտաշես Ղազախեցյանը, շինարարական աշխատանքները ավարտական փուլում են, եւ սեպտեմբերի կեսից կմեկնարկեն ճոպանուղու փորձարկումները:
Ճոպանուղու ամենաբարձր կետը 330 մետր է, իսկ երկարությունը` 5,7 կմ: Ճանապարհի տեւողությունը 11 րոպե 25 վայրկյան է: Ճոպանուղու խցիկում կարող են տեղավորվել 25 ուղեւորներ:
Արտաշես Ղազախեցյանը նշել է, որ ՀԱՄՀ-ը պլանավորում է կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքներ անցկացնել ճոպանուղու շրջակա տարածքներում: Նա նշել է, որ շինարարական աշխատանքներում հիմնականում ներգրավված են Սյունիքի մարզի բնակիչները:
Ճոպանուղու շինարարությունը իրականացնում է ավստրիա-շվեյցարական Garaventa ընկերությունը, իսկ ենթակառուցվածքների շինարարությունը` իտալական RENCO ընկերությունը:
Ճոպանուղու շինարարության նախագծի ընդհանուր արժեքը $13 մլն է:
«Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Վանիկ Վարդանյանը հայտնել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը $45 մլն է, որից $20 մլն-ը հանգանակել է «Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյաններ եւ ընկերներ» հիմնադրամը: Մնացած գումարի ներգրավման նպատակով համապատասխան բիզնես-պլան է մշակվելու:
Ճանապարհների վերանորոգման աշխատանքները իրականացնում է ՀՀ կառավարությունը, իսկ ՀԱՄՀ-ը վերականգնում է անմիջապես Տաթեւի վանք տանող ճանապարհը:
Վանիկ Վարդանյանն ասել է, որ «Տաթեւի վերածնունդ» ծրագիրը պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության լավ օրինակ է, որն ուղղված է մարզի զարգացմանն ու Հայաստանում զբոսաշրջության խթանմանը:
Վանական համալիրի վերականգնումը նախատեսվում է ավարտել 2013 թվականին: Ծրագրի երկրորդ փուլն ենթադրում է հյուրանոցի կառուցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: