Երեւան/Մեդիամաքս/. Մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են Հայաստանի տնտեսության կայունացման մասին, այսօր ասել է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախծագահ Գագիկ Մինասյանը: Պատգամավորը դրական է գնահատել գնաճի մակարդակի որոշակի նվազումը: Միեւնույն ժամանակ, Գագիկ Մինասյանը նշել է, որ այդ ցուցանիշը դեռեւս հեռու է բյուջեով նախատեսված մակարդակից եւ իշխանությունները պետք է գործադրեն առավելագույն ջանքեր գնաճի ծրագրված մակարդակին հասնելու համար: Գագիկ Մինասյանը գտնում է, որ մակրոտնտեսական ցուցանիշների աճն, առաջին հերթին, պայմանավորված է համաշխարհային տնտեսության ընդհանուր ակտիվացման, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրի հետ: Հանձնաժողովի նախագահը շոշափել է նաեւ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխման հարցը. համապատասխան օրինագիծը կքննարկվի խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում: Գագիկ Մինասյանը նշել է, որ “Հայաստանի նման փոքր երկրի համար կուտակային կենսաթոշակային համակարգն այլընտրանք չունի”: Tweet Դիտում՝ 11731