Երեւան/Մեդիամաքս/. ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանը ձեռք է բերել «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ 5 մլն դրամի բաժնետոմսեր: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ՀՀ վարչապետը լրագրողներին այդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն /ԼՂՀ/ կատարած այցի ընթացքում: Միաժամանակ, վարչապետը չի բացառել, որ «Արցախ ՀԷԿ» ընկերության բաժնետոմսերի իր մասնաբաժինը հետագայում կարող է աճել: «Տարեկան 10 տոկոս եկամուտը բավականին բարձր ցուցանիշ է»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը` գնահատելով ընկերության շահութաբաժինները: Պատասխանելով այն հարցին, թե չի՞ հակասում արդյոք նման գնահատականը իր իսկ արտահայտած այն մտքին, թե բարձրաստիճան պաշտոնյաները չպետք է զբաղվեն բիզնեսով, Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք կողմ ենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք զբաղվեն ոչ թե բիզնեսով, այլ ներդրումներ կատարեն հայրենական տնտեսության զարգացման մեջ»: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ «Արցախ ՀԷԿ»-ի հաջող օրինակը վարակիչ կդառնա: Ներկայումս «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետերերը 1112-ն են: Tweet Դիտում՝ 13282