«Ամերիաբանկը» խորհուրդ է տալիս պարտատոմսերի թողարկումները հետաձգել մինչեւ տարվա երկրորդ կեսը
26.01.2010 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Ներկայումս «Ամերիաբանկն» ունի պարտատոմսերի անդերրայթինգի վերաբերյալ երեք հաճախորդների հայտեր, սակայն, հաշվի առնելով ներդրողների եւ թողարկողների շահերի չհամընկնելը` բանկը խորհուրդ է տալիս թողարկումները հետաձգել մինչեւ 2010թ. երկրորդ կեսը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: Նրա խոսքերով, խնդիրը կայանում է նրանում, որ արժեթղթերի եկամտաբերության նկատմամբ ներդրողների ակնկալիքները գերազանցում են հավանական թողարկողների առաջարկները:
Արտակ Հանեսյանը տեղեկացրել է, որ բանկը շարունակում է քննարկումները ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ հետ` վերջինիս կողմից ոչ ռեզիդենտ ներդրողների համար արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկման համար թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Պատասխանելով կապիտալի շուկայում բանկի ներդրումային ակտիվության մասին հարցին` Արտակ Հանեսյանն ասել է, որ «Ամերիաբանկը» հիմնականում ներդրումներ է կատարում պետական պարտատոմսերում, իսկ այս տարի մտադիր է մտնել արժեթղթերի միջազգային շուկա եւ ներդրումներ կատարել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ֆոնդային շուկաների արտասահմանյան թողարկողների ինդեքսներում եւ կորպորատիվ արժեթղթերում:
«Ինչ վերաբերում է կորպորատիվ արժեթղթերի տեղական շուկային, ապա «Ամերիաբանկն» ունի ներդրումների ոչ մեծ ծավալ «ԻՄԷՔՍ Գրուպի» պարտատոմսերում, որոնց շուկա ստեղծելու գործառույթն իրականացվել է մեր կողմից»,- ասել է Արտակ Հանեսյանը:
Նրա խոսքերով, ներկայումս բանկի խոշոր հաճախորդների կողմից պահանջարկ ունեն այնպիսի ապրանքատեսակները, ինչպիսիք են միջոցների ներգրավումը արտաքին աղբյուրներից (corporate financing), միաձուլումների եւ կլանումների, ինչպես նաեւ ուղղակի ներդրումների գործարքները: «Սկսում է ակտիվանալ ակտիվների կառավարման պահանջարկը, այդ պատճառով մենք պատրաստվում ենք ներդնել կառուցվածքային ավանդների ծառայությունը, երբ ներդրման եկամտաբերությունը շաղկապված է նավթի ու ոսկու գների փոփոխմանը եւ Dow Jones ինդեքսին»,- ասել է Արտակ Հանեսյանը: Խոսելով բանկի կողմից կենսաթոշակային ակտիվների կառավարման համակարգի ներդրման մասին` նա ասել է, որ ներկայումս բանկն իրականացնում է փորձնական ծրագիր բանկի հետ փոխկապակցված ընկերության հետ` կենսաթոշակային ակտիվները ներդնելով պետական եւ արժեթղթերում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: