“Ամերիաբանկի” վարկային ներդրումների աճը 2009թ. կազմել է 73%

26.01.2010 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկի” ակտիվները 2009թ. կրկնապատկվել են` տարվա արդյունքներով կազմելով 103 մլրդ 503 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր ասել է “Ամերիաբանկի” գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նրա խոսքերով, հաճախորդների նկատմամբ բանկի պարտավորություններն ավելացել են երեք անգամ` կազմելով 69.1 մլրդ դրամ: 2009 թվականին եռապատկվել են նաեւ բանկի ընդհանուր պարտավորությունները` կազմելով 81.8 մլրդ դրամ:

Բանկի գլխավոր տնօրենը նշել է, որ վերոնշյալ բոլոր ցուցանիշների աճի տեմպով “Ամերիաբանկը” զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում:

Արտակ Հանեսյանի խոսքերով, բանկի վարկային ներդրումները 2009թ. աճել են 73%-ով (աճի տեմպով երկրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում)` կազմելով 54.07 մլրդ դրամ: Չաշխատող ակտիվների մասնաբաժինը բանկի վարկային պորտֆելում տարվա արդյունքներով կազմել է 0.17%:

2009թ. բանկն արձանագրել է կապիտալի 7%-ոց աճ զուտ շահույթի հաշվին, որը կազմել է 1.517 մլրդ դրամ: “Շահույթի ծավալով բանկը զբաղեցրել է 4-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում, թեեւ շեշտը չի դրել շահութաբերության աճի վրա”,- ասել է Արտակ Հանեսյանը:

Խոսելով նախորդ տարի բանկի այլ նվաճումների մասին` Արտակ Հանեսյանը նշել է, որ “Ռոսգոսստրախ Արմենիա” ապահովագրական ընկերության հետ համագործակցությամբ բանկի կողմից իրականացվող ֆիզիկական անձանց ավանդների 100%-ոց ապահովագրման ծրագրի շնորհիվ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների ավանդներն աճել են 7.5 անգամ: 

“2009 թվականին բանկը տեղափոխվել է նոր շենք, ներդրել է ինտերնետ-բանկինգի ծառայությունը, սկսել է ներդնել հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ (CRM), բացել է 2 մասնաճյուղեր Երեւանում եւ Քաջարանում, ինչպես նաեւ ներգրավել է $50 մլն-ի վարկային միջոցներ միջազգային ֆինանսական ինստիտուտներից”,- ասել է Արտակ Հանեսյանը:

Նա տեղեկացրել է, որ 2010 թվականին բանկը մտադիր է միջազգային ֆինանսական ինստիտուտներից ներգրավել եւս $ 50 մլն, բացել 3 նոր մասնաճյուղեր, որոնցից 2-ը Երեւանի սահմաններից դուրս, ներդնել կառուցվածքային ավանդների ծառայությունը, ինչպես նաեւ աշխատել կենսաթոշակային ակտիվների կառավարման զարգացման բնագավառում:

“Ամերիաբանկի” գլխավոր տնօրենի խոսքերով, 2010թ. բանկը նախատեսում է ապահովել ակտիվների 25%-ոց աճ, վարկավորման 30%-ոց աճ եւ կապիտալի 10%-ոց աճ: 

“Բանկը ներդրում է նաեւ ընկերությունների կապիտալի ֆինանսավորման գործիքը (Equity financing) եւ մտադիր է այս տարի այդ ուղղությամբ հատկացնել $3 մլն”,- ասել է Արտակ Հանեսյանը` նշելով, որ ներկայումս բանկը քննարկում է կապիտալի ֆինանսավորման շուրջ 30 հնարավոր ծրագրեր, որոնցից մեկն արժանացել է նախնական հավանության:

Դիտում՝ 13600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW