ԱՄՀ-ի կանխատեսումներով, Հայաստանում այս տարի ՀՆԱ անկումը կկազմի 15.5%
12.11.2009 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ կանխատեսումներով, Հայաստանում 2009թ. արդյունքներով ՀՆԱ անկումը կկազմի 15.5%:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցչության ղեկավար Նինկե Օմեսը:
Նրա խոսքերով, 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՆԱ-ն կրճատվել է 18.3%-ով: “Դա շատ բացասական ցուցանիշ է, սակայն օգոստոսի համեմատ սեպտեմբերին ՀՆԱ ցուցանիշն աճել է 1.7%-ով”,- նշել է Նինկե Օմեսը: Նրա խոսքերով, դա վկայում է ՀՀ տնտեսության աստիճանական վերականգնման մասին:
Խոսելով երկարաժամկետ կանխատեսումների մասին` Նինկե Օմեսը տեղեկացրել է, որ ԱՄՀ-ի գնահատմամբ, 2010թ. Հայաստանում ՀՆԱ աճը կկազմի 1.2%, իսկ 2011թ.` 3%: Հաջորդ տարիներին մինչեւ 2014 թվականը ՀՆԱ-ն կավելանա տարեկան 0.5%-ով:
Նինկե Օմեսն անդրադարձել է նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականությանը` նշելով, որ ԱՄՀ-ն ԿԲ-ին խորհուրդ է տալիս վարել “կառավարելի լողացող փոխարժեքի” քաղաքականություն: “ԿԲ-ն չպետք է խառնվի փոխարժեքի օբյեկտիվ տատանումներին, սակայն ժամանակ առ ժամանակ կարող է արժույթ նետել շուկա` ուժեղ ցնցումներից խուսափելու նպատակով”,- ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: