Երեւան /Մեդիամաքս/. 2010 թվականին Հայաստանում չաշխատող վարկերի չափը կմոտենա 10%-ի: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդպիսի կանխատեսմամբ այսօր հանդես է եկել Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի /ԱՄՀ/ ներկայացուցչության ղեկավար Նինկե Օմեսը: Նրա խոսքերով, Հայաստանը, ինչպես եւ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկրների մեծամասնությունը, 2010 թվականին պետք է շարունակեն բյուջեի խթանումը: Նինկե Օմեսն ասել է, որ ԱՄՀ-ն կառավարություններին խորհուրդ է տալիս զգոն լինել եւ չդադարել խթանել տնտեսությունը` հույսը դնելով տնտեսական ցուցանիշների բարելավման վրա: Նինկե Օմեսի խոսքերով, չնայած համաշխարհային տնտեսության մեջ վերջերս նկատվող էական դրական առաջխաղացումներին, դեռեւս պահպանվում են պետական աջակցությունից վաղաժամ հրաժարվելու եւ հարկաբյուջետային քաղաքականության նկատմամբ վստահության սպառման հետ կապված ռիսկերը: Նինկե Օմեսը ընդգծել է ԱՄՀ-ի խորհուրդը` Հայաստանում եւ տարածաշրջանի այլ երկրներում պահպանել արժութային ճկուն ռեժիմները մրցունակությանն օժանդակելու համար, շարունակել ձեռնարկատիրական գործունեության պայմանների բարելավմանն ուղղված բարեփոխումները, ինչպես նաեւ աշխատանքներ իրականացնել տարածաշրջանային համագործակցության խորացման եւ ֆինանսական հատվածի զարգացման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 10175