«Կապիտալ Ասեթ մենեջմենթ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանն ու Banks.am պորտալին - Ինչպե՞ս կարելի է բնորոշել Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ներկայիս վիճակը: - Մեկ բառով` սպասողական: Ֆինանսական շուկան ինքնին գլոբալ առումով սպասողական միտումներ է ցուցաբերում, եւ կորպորատիվ պարտքի շուկան, որպես ֆինանսական շուկայի բաղկացուցիչ մաս, անշուշտ, չի կարող ընդհանուր սպասումներից դուրս գտնվել: Հիմնական խնդիրներից մեկը, որն առաջացնում է նմանատիպ սպասումներ, արտարժութային շուկայում տիրող վիճակն է: Ի տարբերություն ֆինանսական շուկայի այլ հատվածների, կորպորատիվ պարտքի շուկան բացառապես արտահայտված է ու գնանշվում է դրամով: Եվ շատ ներդրողներ, որոնք ներդրել են իրենց խնայողությունները կորպորատիվ պարտքի շուկայում, ստանձնում են արտարժութային ռիսկ: Շատերը ժամանակին ուղղակի փոխանակեցին իրենց այդ խնայողությունները դրամայինից արտարժութայինի եւ ավանդադրեցին բանկերում: Հայաստանյան շուկայում ընդհանրապես բացակայում են հեջավորման ինստիտուտներն եւ գործիքները: Մեր արտարժութային շուկայի ամենամեծ պրոբլեմներից մեկը, իմ կարծիքով, հենց հեջավորման գործիքների բացակայությունն է: Առանց դրանց դժվար է պոտենցիալ ներդրողին խրախուսել, որ նա իր խնայողությունները պահպանի կորպորատիվ պարտքի շուկայում: Սպասողական վիճակի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ ի հայտ չեն գալիս նոր ներդրումային գործիքներ, մինչդեռ դա անհրաժեշտ է ներդրումների ներգրավման բարդացման պարագայում: Սկսում է ի հայտ գալ բորսակայան ածանցյալ գործիքների կարեւորությունը: Այս հարցում, բնականաբար, առաջնորդությունը պետք է ստանձնի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան եւ փորձի շուկայում առաջ մղել գործիքների ներմուծման մեթոդաբանություն: Ֆինանսական շուկայի մասնակիցները կողջունեն այս քայլը: Սպասումներ ձեւավորող հանգամանքներից է նաեւ այն, որ հենց թեկուզ բանկերն ու ապահովագրական ընկերությունները իրենց ակտիվները քիչ են պահում կորպորատիվ պարտքի շուկայում: - Բորսայի գլխավոր տնօրենի հետ մեր զրույցից հասկացանք, որ բորսան էլ իր հերթին ակնկալում է ներդրումային ընկերությունների ակտիվությունը: - Այստեղ պետք է հաշվի առնել մեկ պարզ իրողություն. գլոբալ ֆինանսական ճգնաժամը կապված էր արժեթղթերի շուկայի հետ, եւ այսօր բոլորը, ովքեր ունեն խնայողություններ, արժեթղթերի շուկային մոտենում են շատ զգուշավոր: Հայաստանն անմասն չէ այս տենդենցներից: Մեր շուկան շատ փոքր է, ու ֆինանսական շուկայի մասնակիցներն ինքնուրույն չեն կարող լուծել արժեթղթերի շուկայի մեծացման խնդիրը: Դրանք համակարգային խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն համատեղ ջանքերով: Այս պարագայում առաջնորդությունը պետք է ստանձնեն ինստիտուցիոնալ կառույցները` բորսաները եւ այլ կարգավորող մարմինները: - Կապիտալի շուկայի մասնակիցները բազմիցս նշել են արտարժույթով արտահայտված պարտատոմսերի թողարկման թույլտվության անհրաժեշտությունը, որը սակայն այդպես էլ տեղի չի ունենում: Համամի՞տ եք արդյոք, որ այդ անհրաժեշտությունը կա, եւ ինչո՞վ է պայմանավորված այն, որ Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ), կարծես, խուսափում է տալ նման թույլտվություն: - Նման ցանկությամբ շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներից բացի հանդես են եկել նաեւ մի շարք թողարկողներ, որոնք պատրաստակամություն են հայտնել թողարկումներ իրականացնել, եթե իրենց արժեթղթերը գնանշվեն արտարժույթով: Հասկանալի է նաեւ կարգավորող մարմնի մոտեցումը. այս առաջարկը, կարծես, համահունչ չէ ԿԲ-ի` դոլարիզացիայի մակարդակի կրճատմանն ուղղված քաղաքանությանը: Այդ առումով ես ընկալում եմ կարգավորող մարմնի դիրքորոշումը, բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ նմանատիպ իրավիճակներում գուցե եւ պետք են ոչ ադեկվատ լուծումներ: Միգուցե ժամանակավորապես կարելի է գնալ այդ քայլին եւ փորձել, օրինակ, թույլատրել նման գործիքների շրջանառությունը 4 տարվա կտրվածքով: Չեմ կարծում, որ արտարժույթով արտահայտված կորպորատիվ պարտքի շուկան կհասնի այնքան մեծ ծավալների, որ կխանգարի ԿԲ-ի կողմից վերջին տասնամյակում որդեգրված քաղաքանությանը: Այստեղ պետք է հաշվի առնել ծավալների ու մասշտաբի էֆեկտը: Բացի այդ, կան նաեւ այլ լծակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի թույլ չտալ արտարժույթով արտահայտված կորպորատիվ պարտքային գործիքների մեծածավալ շրջանառությունը: Ինձ թվում է, ողջամիտ կլինի այս իրավիճակում փորձնական կարգով թույլատրել 2-3 դեպք եւ տեսնել, թե ինչպես է արձագանքում շուկան: Այսօր, կարծես, դրա պահանջարկն ունեն կապիտալի շուկայի բոլոր մասնակիցները: Դա կարող է շուկան որակական փոփոխությունների ենթարկել: - Ի՞նչ այլ ազդակներ են պետք շուկան ակտիվացնելու համար: - Երկար փողեր: Դա ամենակարեւոր գործոնն է կապիտալի շուկայում եւ ամբողջ տնտեսությունում: Երկար փողեր կարող են ունենալ միայն ինստիտուցիոնալ ներդրողները, ինչպիսիք են ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային եւ ներդրումային հիմնադրամները: Առանց այդ կառույցների մենք չենք ունենա երկար փողեր: Ինչ էլ ասենք, այնուամենայնիվ, բանկերի ակտիվների գերակշիռ մասը կարճաժամկետ փողեր են ու, հետեւաբար, նրանք չեն կարող ակտիվ դերակատարում ունենալ կապիտալի շուկայում: - Ի՞նչ ակնկալիքներ կան սպասվող կենսաթոշակային բարեփոխումներից: - Անշուշտ, դրական: Որքան տեղյակ եմ, ճգնաժամի պատճառով կառավարությունը հետաձգել է կուտակային համակարգին անցնելը մեկ տարով` մինչեւ 2011թ. հունվարի 1-ը: Այնուամենայնիվ, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումն այս իրավիճակում մեծապես կախված է կենսաթոշակային բարեփոխումների բարեհաջող ընթացքից, որովհետեւ բարեփոխումների արդյունքում տնտեսությունում ի հայտ կգան երկար փողեր: - Վերջերս հայտարարվեց 6 պետական ձեռնարկությունների բորսայական մասնավորեցման մասին: Մասնակցելու՞ է արդյոք «Կապիտալ Ասեթ Մենեջմենթը» այդ գործընթացին, ու, Ձեր կարծիքով, ի՞նչ արդյունք դա կարող է ունենալ: - Նման փորձ Հայաստանում արվել է 1998-99 թվերին: Մի շարք ձեռնարկություններ մասնավորեցվեցին ֆոնդային բորսայի միջոցով, սակայն չմնացին ֆոնդային բորսայում: Սա նշանակում է, որ ժամանակին այդ խնդիրը չի լուծվել: Կառավարության նախաձեռնությունը, անշուշտ, ողջունելի է: Սակայն այս գործընթացին պետք է մոտենալ խիստ զգուշավոր, որպեսզի ֆոնդային բորսայով մասնավորեցման գործընթացի գաղափարը չարժեզրկվի: Այդուհանդերձ, երբ դրվում է ֆոնդային բորսայով մասնավորեցման խնդիր, ապա վաճառողի /տվյալ պարագայում` պետության/ նպատակը ոչ միայն լավ գնով վաճառելն է, այլեւ որքան հնարավոր է շատ ներդրող ներգրավելը, եւ այդ ընկերություններն որպես թողարկող ֆոնդային շուկայում ունենալը: Ենթադրվում է, որ այս գործընթացի միջոցով ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան իր հարթակներում կունենա ձեռնարկությունների հավելյալ անվանացանկ: Ես ունեմ իմ մոտեցումները տվյալ գործընթացի նկատմամբ եւ հուսով եմ, որ առիթ կունենամ քննարկելու դրանք պատկան մարմինների ներկայացուցիչների հետ: Եթե գործընթացը տարվի խելամիտ ու գրագետ, ապա համոզված եմ, որ շահող դուրս կգան թե պետությունը, թե ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, թե ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունները եւ թե ներդրողները: «Կապիտալ Ասեթ Մենեջմենթը» այս գործընթացում չի հետապնդում միայն եկամուտ ստանալու նպատակ: Մենք կմտնենք գործընթացի մեջ այն դեպքում, եթե եկամտից բացի ունենանք նաեւ տեսանելի համոզմունք, որ այդ ընկերությունները կմնան ֆոնդային բորսայում, այլ ոչ թե կմասնավորեցվեն` օգտագործելով բորսայական ենթակառուցվածքները ու այնուհետեւ դուրս կգան այնտեղից: - Ինչպե՞ս եք գնահատում Ձեր կողմից տեղաբաշխված պարտատոմսերի շրջանառությունը: - Նույնիսկ ներկայիս սպասողական վիճակում մեր կողմից տեղաբաշխված պարտատոսմերով գործարքները շարունակվում են: Այս պահին, այնուամենայնիվ, գործարքները հատվածային բնույթ են կրում: Իմ կողմից կլինի շատ գերագնահատված ասելը, թե այս պարտատոմսերով գործարքները ներդրողների ակտիվության արդյունք են: Գործարքների գերակշիռ մասը լուծում է դրամական հոսքերի կառավարման (cash management) խնդիր: Սա նշանակում է, որ որեւէ ընկերություն կարճաժամկետ առումով ունի ազատ դրամական միջոցներ եւ ընդամենը ուզում է, որ այդ դրամական միջոցները «չքնեն»: Եվ դա շատ լավ է. ցանկացած ձեռնարկություն պետք է զարգացնի դրամական հոսքերի կառավարման մշակույթը: Երբ ձեռնարկություններն ունենում են ավելցուկային միջոցներ իրենց հաշիվներին, այդ միջոցներն ուղղակի «քնում են»: Կորպորատիվ պարտքի շուկան լուծում է այդ խնդիրը: Դա ազգակ է, որ ձեռնարկություններում նկատվում են կառավարման որակական փոփոխություններ: Չէի ասի, որ այս երեւույթը կրում է զագվածային բնույթ, բայց կան մի քանի ձեռնարկություններ, որտեղ արդեն հաշվի է առնվում ֆինանսների տեսության այբբենական նորմը` փողի ժամանակային արժեք հասկացությունը, որի էությունը հետեւյալն է. մեկ դրամն այսօր վաղը չարժե նույնքան: Փողի ժամանակային արժեքը ամենակարեւոր աքսիոմատիկ նորմն է ֆինանսական շուկայում: Առանց դա հասկանալու պետք չէ մտնել ֆինանսական շուկա կամ մասնագիտական կարծիք հայտնել ֆինանսական շուկայի մասին: Tweet Դիտում՝ 18021