Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Որոտանի կիրճի վրայով դեպի Տաթեւի վանք ճոպանուղու կառուցման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տաթեւի վանական համալիրի զարգացման ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի /ՀԱՄԽ/ հովանու ներքո, իսկ ծրագրի մշակման պատասխանատվությունը ստանձնել է “Ամերիա” խումբը: Ճոպանուղու կառուցման մասին համաձայնագիրը ստորագրել են “Հայաստան 2020” ծրագրի տնօրեն Արտաշես Ղազախեցյանը եւ Garaventa շվեյցարական ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Փիթեր Բաումանը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է Տաթեւի վանական համալիրի զարգացման ծրագրի կարեւորության մասին եւ ողջունել է ճոպանուղու կառուցման մասին համաձայնագիրը: Նախարարը նշել է, որ մասնավոր-պետական գործընկերության (private-public partnership) ձեւաչափը, որով աշխատում է ՀԱՄԽ-ը, թույլ է տվել լուծել բազմաթիվ բարդ խնդիրներ Տաթեւի զարգացման ծրագրի շրջանակներում: ՀԱՄԽ-ի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը նկատել է, որ Տաթեւի ճոպանուղու կառուցումը համապատասխանում է զբոսաշրջության զարգացման ծրագրի երեք հիմնական բաղադրիչներին` մարքեթինգային լուծումներ, նոր զբոսաշրջային ապրանքատեսակներ, ենթակառուցվածքների զարգացում: Սպասվում է, որ Որոտանի կիրճի վրայով ճոպանուղու կառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա սեպտեմբերին եւ կավարտվեն 2010թ. սեպտեմբերին: Garaventa-ն ճոպանուղիների եւ համապատասխան սարքավորումների համաշխարհային խոշորագույն արտադրողն է: Ամեն տարի ընկերությունը կառուցում է մինչեւ 200 ճոպանուղիներ, նրա տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 մլն եվրոն: Tweet Դիտում՝ 12826