Երևան /Մեդիամաքս/. “Արմենբրոկ” ներդրումային ընկերությունն այսօր հայտարարել է “Արցախ ՀԷԿ” ԲԲԸ բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) ավարտի մասին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Արմենբրոկում”, որը թողարկման տեղաբաշխողը եւ խորհրդատուն է, տեղաբաշխվել է 861 հազ. 652 հասարակ անվանական բաժնետոմս` 1050 դրամ անվանական արժեքով: Տեղաբաշխված բաժնետոմսերի ընդհանուր ծավալը կազմել է 904 մլն 634 հազ. 600 դրամ: Թողարկման ընդհանուր ծավալը կազմում էր է 3 մլրդ 450 մլն 750 դրամ, իսկ տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը` 3 մլն 285 հազ. 715: “Արմենբրոկում” տեղեկացրել են, որ “Արցախ ՀԷԿ”-ի բաժնետոմսերը ձեռք են բերել 1023 ներդրողներ, որոնց թվում` անհատ եւ իրավաբանական անձինք Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Սլովակիայից, Ավստրիայից, Ռուսաստանից, Իրանից եւ ԱՄԷ-ից: “Տեղաբաշխման նման լայն աշխարհագրությունը փաստում է նաեւ այն մասին, որ միջազգային բիզնեսը եւ օտարերկրյա ներդրողները ճանաչում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա գործարար միջավայրի արդյունավետությունը”,- նշել են “Արմենբրոկում”` հավելելով, որ ճգնաժամային իրավիճակի, առաջատար ֆոնդային ինդեքսների անկման եւ արժույթների փոխարժեքների կտրուկ տատանումների պայմաններում հրապարակային տեղաբաշխման միջոցով ավելի քան 900 մլն դրամ ծավալով ֆինանսական միջոցների ներգրավումը “օբյեկտիվորեն մեծ հաջողություն կարող է համարվել”: “Արմենբրոկում” նաեւ հայտնել են, որ արդեն սկսվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում բաժնետոմսերի ցուցակման հայտի եւ փաստաթղթերի փաթեթի ձեւավորման գործընթացը: Tweet Դիտում՝ 17528