Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը /ՏՄՊՀ/ մտադիր է լուրջ պատժամիջոցներ կիրառել անբարեխիղճ ձեռնարկատերերի նկատմամբ: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանը լրագրողներին հայտնել է, որ այսօր հանձնաժողովը մի շարք խոշոր առեւտրի կետերի դիտարկում է կատարել եւ բանակցություններ անցկացրել խոշոր ներկրողների հետ, որից հետո որոշ ապրանքնատեսակների գներն իջել են: Նա նշել է, որ այժմ սպառողական շուկայում տիրող իրավիճակը հանգիստ է, եւ նկատվում է միայն բենզինի ու 3 ապրանքատեսակների` արեւածաղկի եւ բուսական յուղի ու շաքարավազի գների 10-12% բարձրացում: “Ներկայիս գներում ես չարաշահումներ չեն տեսնում”,- հայտարարել է Աշոտ Շահնազարյանը: Նա ընդգծել է, որ լողացող փոխարժեքի քաղաքականությանն անցնելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի հայատարարությունից անմիջապես հետո շուկայում արհեստական դեֆիցիտ է ստեղծվել, ինչի արդյունքում 1-2 ժամվա ընթացքում նկատվել են սթրեսային դրսեւորումներ: Աշոտ Շահնազարյանն ասել է, որ հանձնաժողովը թույլ չի տա տնտեսապես չհիմնավորված գնաճ` միաժամանակ նշելով, որ հնարավոր է թանկացում եւս 4-5%-ով: ՏՄՊՀ նախագահը կարծիք է հայտնել, որ ներկրողների մոտ առաջիկա երեք-չորս ամիսների համար բենզինի անհրաժեշտ ծավալների առկայությունն չի ազդում գնագոյացման վրա: “Այժմ ներկրողներին անհրաժեշտ է միջոցներ կուտակել հետագա շրջանառության ապահովման համար, եւ արդյունքում նրանք բարձրացրել են գները”,- ասել է Աշոտ Շահնազարյանը: Նա ընդգծել է, որ այդ սկզբունքը վերաբերում է բոլոր ապրանքներին: Tweet Դիտում՝ 11709