ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ բանակցություններն ավարտվել են “լիարժեք փոխըմբռնման” մթնոլորտում
19.02.2009 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հույս է հայտնել, որ եվրոպական կառույցների հետ համագործակցությունը կօգնի հաղթահարել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունները:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, Տիգրան Սարգսյանն այդ մասին ասել է այսօր` Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ընթացքում:
Հանդիպմանը կողմերը քննարկել են համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, կառավարության ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ ներքաղաքական իրավիճակը` հաշվի առնելով այն, որ ճգնաժամի ազդեցությամբ սոցիալական լարվածությունը զգալիորեն մեծանում է:
ՀՀ վարչապետը ներկայացրել է կառավարության հակաճգնաժամային ռազմավարությունը: Ներկայացնելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների, այդ թվում` ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի հետ բանակցությունների արդյունքները` Տիգրան Սարգսյանն ասել է, որ դրանք ավարտվել են լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում:
“Մենք պատրաստվում ենք դիմակայել փորձությունների նոր ալիքի եւ, իհարկե, զգալու ենք ԵՄ գործընկերների աջակցության կարիքը 2009-2010 թվականների դժվարին ժամանակահատվածում: Մեր ծրագրերը պետք է որոշակիորեն վերանայվեն` նախապատվությունը տալով սոցիալական եւ ներդրումային ծրագրերին”,- հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Զրուցակիցները խոսել են նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի մասին: Անդրադառնալով պետության ներքաղաքական իրավիճակին` Պիտեր Սեմնեբին ասել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է, որպեսզի Հայաստանում լինի կայուն միջավայր, ու հաղթահարվեն 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքները, իսկ դրան ուղղված քայլերը լինեն բաց եւ թափանցիկ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: