Կտրամադրվի ավելի քան 3 մլրդ դրամի աջակցություն արտահանում իրականացրած տնտեսվարողներին

09.07.2026 | 17:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #արտահանում #աջակցություն

Կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որի  արդյունքում հնարավորություն կստեղծվի ապահովել տնտեսավարողների կողմից արտահանված պտղի (ծիրան, սալոր, կեռաս, ելակ), բանջարեղենի  (լոլիկի, պղպեղ), ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի,  շշալցված խաղողի գինու եւ շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի արտահանման համար առաջացող փոխհատուցման ենթակա ծախսերը։ 


Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, դեռեւս հունիսի սկզբին Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր. «Ծրագրով ֆինանսական աջակցություն ենք տալիս, եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաեւ թարմ պտուղ եւ սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ»։ 

Ըստ նախարարի՝ որոշման նպատակն է կատարել  ծրագրի արդյունքում արտահանողներին առնչվող՝ հունիս ամսվա պարտավորությունները. «Այսինքն՝ նրանք արտահանել են, մենք իրենց պետք է ֆինանսական աջակցություն տրամադրենք: Միջոցառման իրականացման համար հունիսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել ընդհանուր առմամբ 3 մլրդ 140 մլն դրամ»:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  3 մլրդ դրամի փոխհատուցումը մեծ թիվ է, ինչը նշանակում է, որ արտահանման ծավալները մեծ են:

Գեւորգ  Պապոյանը ներկայացրել է արտահանման ծավալները. հունիսին արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տ լոլիկ, 109 տ ելակ, մոտ 3000 տ ծիրան, 1400 տ կեռաս, 1,5 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի եւ այլն: 

Նշվել է, որ հունիս-հուլիս ամիսների ընթացքում միրգ է արտահանվել աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 երկիր, բանջարեղեն՝ 8 երկիր:
Դիտում՝ 882

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW