Ինչպե՞ս են ժամանակակից ֆինտեխ լուծումները փոխում սպառողական վարքագիծը, ընդլայնում բիզնեսների ֆինանսական հնարավորությունները եւ նպաստում տնտեսության ակտիվացմանը․ «Երբ ֆինանսական տեխնոլոգիան դառնում է վաճառքի շարժիչ»․ այս թեման Mantashyants Global Business Forum 2026-ում ներկայացրել է IDBank-ի առեւտրային գործընկերների հետ հարաբերությունների վարչության ղեկավար Գրիգորի Յոլյանը։ Բանկից հայտնել են, որ ելույթի առանցքային գաղափարն այն էր, որ ժամանակակից շուկայում վաճառքի հաջողությունը կախված է ոչ միայն ապրանքի կամ ծառայության որակից, այլեւ՝ դրա հասանելիությունից, իսկ այդ հասանելիությունն ապահովող ամենահզոր գործիքը տեխնոլոգիան է։Ներկայացնելով Idram&IDBank էկոհամակարգը՝ Գրիգորի Յոլյանը նշել է, որ QR-ով վճարումների ներդրման շնորհիվ մեկ միասնական թվային միջավայրում միավորվել են ավելի քան 1 միլիոն օգտատեր եւ շուրջ 30 հազար վաճառակետ՝ կապելով սպառողներին եւ բիզնեսներին։Ելույթում անդրադարձ է կատարվել նաեւ Rocket Line ծառայությանը, որը հայկական շուկայում դարձել է «Buy now, pay later» մոդելի հաջողված օրինակ։ Այսօր ծառայության շրջանակում օրական ձեւակերպվում է շուրջ 12 500 պայմանագիր, իսկ ամեն օր այն օգտագործում է մոտ 7000 եզակի հաճախորդ։Նշվում է, որ Rocket Line-ի հաջողությունից հետո նույն մոտեցումը կիրառվել է նաեւ բիզնեսների համար՝ ստեղծելով IDDistributor հարթակը։ Այն փոքր եւ միջին բիզնեսներին հնարավորություն է տալիս մատակարարման պահին վճարումներ կատարել ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ Rocket Distributor վարկային սահմանաչափի միջոցով՝ ապահովելով շրջանառու միջոցների հասանելիություն եւ խթանելով վաճառքները։ Միաժամանակ IDDistributor-ը նպաստում է կանխիկ շրջանառության կրճատմանը, բիզնես գործընթացների թվայնացմանը եւ ֆինանսական ներառականության բարձրացմանը, հատկապես մարզերում։«Ֆինանսական տեխնոլոգիան վաճառք է ստեղծում այնտեղ, որտեղ նախկինում կային սահմանափակումներ։ Այն միավորում է մարդկանց, բիզնեսներին եւ ֆինանսական հնարավորությունները մեկ ընդհանուր հարթակում։ Իսկ երբ այդ կապը ստեղծվում է, աճում են ոչ միայն վճարումների ծավալները, այլեւ տնտեսության ընդհանուր ակտիվությունը»,- նշել է Գրիգորի Յոլյանը։«Idram-ն ու IDBank-ը շարունակում են իրականացնել իրենց ռազմավարությունը՝ ուղղված անկանխիկ տնտեսության զարգացմանը, բիզնես գործընթացների թվայնացմանը եւ Հայաստանում ֆինանսական ներառականության բարձրացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 1792