ԿԲ. Արտահանման խնդիրները կարող են նվազեցնել Հայաստանի տնտեսության եկամուտները

16.06.2026 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #գնաճ #արտահանում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում 12-ամսյա գնաճը շարունակել է ձեւավորվել թիրախից բարձր մակարդակում՝ մայիսին կազմելով 4.2%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 5․1%: 


Կենտրոնական բանկից հայտնել են, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում, աշխարհաքաղաքական անորոշության եւ էներգակիրների բարձր գների երկար պահպանման պայմաններում, համաշխարհային տնտեսությունում պահանջարկը շարունակել է թուլանալ, իսկ դրա հեռանկարը վատթարացել է։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի պետական պարտքի ավելի բարձր ուղեգծի ձեւավորման, հետեւաբար նաեւ երկարաժամկետ տոկոսադրույքների բարձր մակարդակներում երկար պահպանման ռիսկերն ավելացել են: Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն ավելի առարկայական են: Մասնավորապես, Եվրոգոտում եւ Ռուսաստանում առաջին եռամսյակում գրանցվել է տնտեսական անկում, իսկ կառուցվածքային խնդիրներն աստիճանաբար խորանում են՝ նպաստելով նաեւ այս տնտեսություններում աճի կարողությունների թուլացմանը։ Զուգահեռաբար՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի հարաբերական կայունացման պայմաններում, դիտարկվում է էներգակիրների գների որոշակի նվազում, այդուհանդերձ, ապրանքահումքային եւ պարենային ապրանքների գների հեռանկարի շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է։ Այս համատեքստում, հաշվի առնելով գնաճային միջավայրի զարգացումների շուրջ բարձր անորոշությունը, առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից քաղաքականության գործող տոկոսադրույքների երկար պահպանման կամ դրանց բարձրացման ռիսկերը պահպանվում են: 

2026 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում, այդ թվում՝ որոշ մեկանգամյա գործոնների ազդեցությամբ, որոշակիորեն դանդաղել է, սակայն դեռեւս հարաբերականորեն բարձր է: Տնտեսական աճին շարունակել են մեծապես նպաստել շինարարության եւ ծառայությունների ճյուղերը: Ծառայությունների ճյուղի բարձր ակտիվությունը հիմնականում պայմանավորված է պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղերով՝ մատնանշելով տնտեսությունում ձեւավորված բարձր պահանջարկի պայմանների մասին: Ավելին, նկատվում են նաեւ արտաքին պահանջարկի ընդլայնման ազդակներ՝ առավելապես արտահայտվելով դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճով։ Այս իրավիճակում, ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է ընդլայնող, թեեւ գնաճի վարքագծում դեռեւս գերակշռում են առաջարկի գործոնները։ Մյուս կողմից՝ հարկաբյուջետային քաղաքականության առավել ընդլայնող դիրքի ձեւավորման ռիսկերը թուլացել են, իսկ մասնավոր աշխատավարձերի աճը եւ գնաճային սպասումները շարունակում են դրսեւորել հիմնականում կայունացման միտումներ: Ավելին՝ արտահանման առանձին շուկաներում առաջացած խնդիրները կարող են հանգեցնել ՀՀ տնտեսությունում եկամուտների նվազման, ինչպես նաեւ առանձին ապրանքների մասով ավելցուկային առաջարկի ձեւավորման՝ պարունակելով առավելապես գնանկումային ռիսկեր։ Մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում ՀՀ ֆինանսական շուկայի մասնակիցները միջինում ակնկալում են, որ ԿԲ-ն փոքր-ինչ երկար կպահպանի տոկոսադրույքի ընթացիկ մակարդակը՝ միջնաժամկետ հորիզոնում նվազեցնելով քաղաքականության տոկոսադրույքը մինչեւ 6.25%:

Քննարկված ռիսկերի եւ առկա անորոշությունների պայմաններում, մի կողմից՝ Խորհուրդը դիտարկել է Ա տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճի, ներքին տնտեսությունում ավելցուկային պահանջարկի պայմանների ձեւավորման եւ գնաճային սպասումների արագացման ռիսկերի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքի ուղի։ Մյուս կողմից՝ Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարներ՝ կապված համաշխարհային տնտեսության աճի դանդաղման հեռանկարի, արտահանման առանձին ուղղություններում առաջացած խնդիրների արդյունքում գնանկումային ռիսկերի ձեւավորման եւ ՀՀ տնտեսության ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքի ուղի: Արդյունքում՝ հավասարակշռելով վերը նշված երկու ուղղությամբ ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել քաղաքականության տոկոսադրույքը։ 


Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկելու համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի եւ գների կայունության ապահովման համար:

Դիտում՝ 907

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW