Կարեւորելով լիզինգային ֆինանսավորման զարգացումը՝ Հայէկոնոմբանկը հաստատուն քայլեր է ձեռնարկում լիզինգի շուկայում: Բանկն անդամակցել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային՝ խթանելու Հայաստանում զարգացող, վստահելի եւ մրցունակ լիզինգային միջավայր ստեղծելու ջանքերը: Բանկից հայտնել են, որ Լիզինգատուների Ասոցիացիան մեծ դեր ունի Հայաստանում լիզինգի ոլորտում օրենսդրական բարեփոխումների խթանման, մասնագիտական կարողությունների զարգացման, միջազգային չափորոշիչների տարածման եւ հանրային իրազեկման գործում: «Հայէկոնոմբանկը, որպես լիզինգային շուկայի համեմատաբար նոր մասնակից, մեծապես կարեւորում է անդամակցությունը ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային: Այս համագործակցությունը հարթակ է գործընկեր ֆինանսական կառույցների հետ արդյունավետ երկխոսության եւ «առաջին ձեռքից» տեղեկատվության փոխանակման համար: Ասոցիացիան կարեւոր դերակատարություն ունի Հայաստանում ոլորտային օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաեւ միջազգային փորձն ու նորարարությունը Հայաստանում հանրայնացնելու գործում: Մեզ համար լիզինգի զարգացումն առաջնահերթ ուղղություն է, եւ այդ համատեքստում նոր եւ բազմակողմ գործընկերությունների հաստատումը կարեւոր նշանակություն ունի»,- ասել է Հայէկոնոմբանկի Լիզինգի տրամադրման բաժնի պետ Լեւոն Աղաջանյանը:«Ասոցիացիան բաց եւ համագործակցային հարթակ է, որի նպատակն է նպաստել լիզինգային շուկայի թափանցիկ եւ կայուն զարգացմանը։ Մենք կարեւորում ենք նոր մասնակիցների մուտքը շուկա, քանի որ դա խթանում է մրցակցությունը, նորարարական ֆինանսական լուծումների ձեւավորումը եւ բիզնեսների համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնումը»,- նշել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը:Հայէկոնոմբանկը շուկայում ներկայացնում է AEB-Leasing պրոդուկտը, որի շրջանակում անհատներին եւ բիզնեսին առաջարկվում է ներգրավել լիզինգային ֆինանսավորում բիզնեսի արդիականացման համար:Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 871