Հայէկոնոմբանկը «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» շրջանակում համագործակցում է ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ՝ գյուղատնտեսության, գյուղարտադրանքի, տուրիզմի եւ հյուրընկալության ոլորտների ՓՄՁ-ներին առաջարկելով ներգրավել այլընտրանքային ներդրումային միջոցներ: Բանկից հայտնել են, որ ծրագրի նպատակն է աճի, ընդլայնման եւ մասշտաբավորման փուլերում համապատասխան բիզնես գիտելիքների փոխանցման, կարողությունների զարգացման, ինչպես նաեւ ֆինանսական կառավարման եւ ճիշտ պլանավորման միջոցով բիզնեսների համար ապահովել ներդրումային միջոցների հասանելիություն: Որպես ծրագրի գործընկեր՝ Հայէկոնոմբանկը կառավարում է ԻՐԻՍ ԲԻ-ի շրջանառու ֆոնդը՝ տրամադրելով 9% տարեկան տոկոսադրույքով մինչեւ 10 մլն դրամ արտոնյալ վարկային միջոցներ: Բացի այդ, բանկը ներգրավված է ծրագրի բոլոր փուլերում՝ տրամադրելով խորհրդատվություն, աջակցելով մենտորությամբ եւ նպաստելով ձեռներեցների ֆինանսական գրագիտության բարձրացմանը: Նշվում է, որ ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-ին Իջեւանում մարզային տեղեկատվական հանդիպում էր կազմակերպվել Տավուշի մարզում գործող ձեռներեցների հետ, որի շրջանակում «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրի» ներգրավման փորձագետ Նատալի Նասիբյանը եւ Հայէկոնոմբանկի Շրջակա միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման բաժնի պետ Աննա Եղոյանը ներկայացրել են ծրագրի մանրամասները, այդ թվում՝ նախաձեռնության հիմնական առաքելությունը, ծրագրին դիմելու պայմանները, հիմնական փուլերը: Նատալի Նասիբյանն, անդրադառնալով Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի հիմնական մարտահրավերներին, նշել է, որ առցանց եւ անցանց 9 մոդուլներից բաղկացած ծրագրի գլխավոր նպատակն է հնարավորություն տալ որոշակի կայունություն ունեցող ձեռնարկատերերին ընդլայնել իրենց գործունեությունը: Աննա Եղոյանը, ներկայացնելով վարկավորման հիմնական պայմանները, ասել է, որ վարկերը տրամադրվում են գործող բիզնեսի ֆինանսական վերլուծության հիման վրա՝ ընդգծելով, որ Հայէկոնոմբանկը պատրաստ է համապատասխան խորհրդատվություն տրամադրել ձեռներեցներին հնարավոր խոչընդոտները հաղթահարելու եւ անհրաժեշտ միջոցները ներգրավելու համար: Նրա խոսքով՝ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ համագործակցության նախորդ 4 տարվա ընթացքում վարկավորման ավելի քան 50 հաջողված քեյսեր են եղել՝ զրոյական ժամկետանց պորտֆելով: Հաջողված պատմություններից մեկն էլ Իջեւանում գործող Քաղաքական սրճարանն է (Political Café) է, որը հիմնել են նախորդ փուլերի շահառուներից ամուսիններ Անահիտն ու Նարեկը: «Մենք ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաջին շահառուներից ենք: Երկու ծրագրի ենք դիմել, որոնց օգնությամբ էլ հիմնել ենք մեր Քաղաքական սրճարանը: Նախ 2020թ. հիմնել ենք սրճարան Թալին քաղաքում, իսկ մեկ տարի անց արդեն Իջեւանում: Ներգրավված միջոցներն ուղղվել են անհրաժեշտ սարքավորումների եւ կահույքի ձեռքբերմանը: Պատրաստվում ենք դիմել նաեւ «ԻՐԻՍ RECONOMY Աքսելերատոր ծրագրին», քանի որ առաջիկայում նախատեսում ենք սրճարանում կոնցեպտուալ փոփոխություններ անել», - նշել է Անահիտը՝ հավելելով, որ շահավետ պայմաններով ներգրավված վարկային միջոցները մեծապես խթանում են բիզնեսի արդյունավետ ընդլայնումը: Ծրագրին մասնակցության համար հայտադիմումներն ընդունվում են 2025 թ. նոյեմբերի 11-ից մինչեւ 2026 թ. հունվարի 12-ը։ Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1847