Թվային փոխակերպումների միջազգային Doing Digital Forum-ը (DDF) եւ Վրաստանի E-Commerce Association-ը (Էլեկտրոնային առեւտրի ասոցիացիան) Doing Digital Forum 2025-ի շրջանակում համագործակցության հուշագիր են կնքել։ Այն ստորագրել են DDF-ի հիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը եւ E-Commerce Association-ի համահիմնադիր, նախագահ Վլադիմիր Կանդելակին։ Արդեն երրորդ անգամ անցկացվող DDF-ն այս տարի տեղի կունենա ապրիլի 3-ին Դվին հոլում՝ կրելով «Ապագայի փողը. տնտեսական ազդեցություն» խորագիրը։ Ֆորումին ընդառաջ մեկնարկած այս համագործակցության նպատակն է համատեղ ծրագրերի, նախաձեռնությունների, փորձի եւ գիտելիքների փոխանակման միջոցով խթանել տարածաշրջանում թվային առեւտրի եւ թվային տնտեսության զարգացումը։ Հուշագրով կողմերն իրենց ջանքերը, փորձառությունն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն են հայտնել՝ նպաստելու Հայաստանում եւ Վրաստանում գործարար միջավայրի ակտիվացմանը, ֆինանսական տեխնոլոգիաների ու էլեկտրոնային առեւտրի ոլորտներում գործող ընկերություններին աջակցմանը։ «Թվային փոխակերպումները գլոբալ անխուսափելի գործընթաց են, եւ յուրաքանչյուր երկիր ձգտում է քայլել այդ փոփոխություններին ու նորարարություններին համընթաց։ Doing Digital-ը ի սկզբանե հիմնադրվել է միջազգային փորձը ոչ միայն Հայաստան, այլեւ տարածաշրջան բերելու տեսլականով։ Եվ այսօր ուրախ ենք արձանագրել, որ դարձել ենք տեղական եւ գլոբալ լուծումների քննարկման, թվային փոխակերպումների գործընթացում միմյանցից սովորելու, իրար ոգեշնչելու կարեւոր հարթակ։ Վստահ եմ, որ Վրաստանի մեր գործընկերների հետ այս համագործակցությամբ մենք կմիավորենք ուժերը եւ կնպաստենք թվային բիզնեսի եւ տեխնոլոգիաների ոլորտում առկա նորարար լուծումների տեղայնացմանը, ինչը կստեղծի նոր միտումների ուսումնասիրման հնարավորություններ եւ կխթանի բիզնես կապերի զարգացումը երկու երկրների միջեւ»,-նշել է Տաթեւիկ Սիմոնյանը:Նա նշել է, որ տեխնոլոգիաները վերափոխում են տնտեսությունն ու գլոբալ ֆինանսական լանդշաֆտը, ձեւավորում նոր օրակարգեր եւ արագացնում հասարակական բոլոր համակարգերի տրանսֆորմացիան. այս համատեքստում DDF25-ը, արձագանքելով համաշխարհային օրակարգին, կքննարկի ապագայի փողի ձեւավորումը, եւ թե ինչպես են ֆինանսական ու տնտեսական համակարգերը զարգանալու՝ համընթաց գնալով տեխնոլոգիական առաջընթացին:E-Commerce Association-ի համահիմնադիր, նախագահ Վլադիմիր Կանդելակին շեշտել է, որ թվային փոխակերպումներն առանցքային նշանակություն ունեն ժամանակակից բիզնեսների համար:«Այս համագործակցությունը կարեւոր քայլ է տարածաշրջանում բիզնեսների թվայնացման եւ ֆինթեքի զարգացման ուղղությամբ։ Թվային փոխակերպումները այլեւս անհրաժեշտություն են, որոնք նպաստում են ավելի արդյունավետ, անվտանգ եւ մրցունակ բիզնես միջավայրի ձեւավորմանը։ Այս համագործակցությամբ եւ համատեղ ջանքերով մենք ստեղծում ենք հնարավորություններ նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների ինտեգրման համար, ինչը կխթանի տարածաշրջանային շուկայի զարգացումը»,-նշել է նա՝ կարեւորելով նաեւ այդ գործում Doing Digital Forum-ի դերը։ Doing Digital Forum-ը Երեւանում միավորում է միջազգային թոփ դեմքերի, ինչպես նաեւ տեղի լավագույն խոսնակների ու փորձագետների, ֆինթեքի, բանկային, բիզնեսի եւ այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչների։DDF 25-ի գլխավոր խոսնակն աշխարհահռչակ ֆուտուրիստ Գերդ Լեոնհարդն է, ով դասվում է աշխարհի թոփ 10 ֆուտուրիստ-բանախոսների շարքին, նրա լսարանը գերազանցում է 3.5 միլիոնը։ Երրորդ Doing Digital Forum-ին հանդես կգան այլ հանրահայտ խոսնակներ եւս․ Հենրի Արսլանյանը, ով Nine Blocks Capital Management ընկերության համահիմնադիրն է, ֆինանսական ծառայությունների ոլորտի գլոբալ բեսթսելեր՝ The Future of Finance, The Book of Crypto գրքերի հեղինակը, Amazon-ի վեբ ծառայությունների կորպորատիվ տեխնոլոգ, տեխնոլոգիական ոլորտում 20 տարվա փորձառություն ունեցող առաջատար էքսպերտ Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգը, Visa-ի CEMEA տարածաշրջանի թվային տեխնոլոգիաների եւ ռազմավարության ղեկավար Էնդրյու Թրուոնգը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ եւ տնօրեն Նաննա Սկաուն, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության Կիբեռանվտանգության տնօրեն Շանթ Քասարջյանը, Apricot Capital DIFC Limited ընկերության (Դուբայ, ԱՄԷ) ավագ գործադիր տնօրեն Օֆելյա Աղաքարյանը, Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրեն Սեմի Զաֆարը եւ այլք։ Doing Digital ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական եւ բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման վերջին մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման առանձնահատկությունները։ Ֆորումի ժամանակ կքննարկվեն թվային արժույթների, արհեստական բանականության (AI), թվային դրամապանակների, վճարային տեխնոլոգիաների զարգացման միտումները, դրանց ազդեցությունը ֆինանսաբանկային համակարգի եւ գլոբալ տնտեսության վրա։ 2023 թվականից ի վեր Doing Digital Forum-ը հյուրընկալել է ավելի քան 40 առաջատար խոսնակի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից եւ ԱՊՀ երկրներից։ Doing Digital Forum-ի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է, ֆորումի Տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է, արդեն երրորդ տարին անընդմեջ ֆորումի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի Ազգային գործընկերն է։ Tweet Դիտում՝ 4127