Հայ գործարարների ասոցիացիայի եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարար համայնքի ներկայացուցիչները խորապես մտահոգված են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու վերաբերյալ քննարկումներով։«Գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար, որտեղ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը բաժին է հասնում ԵԱՏՄ երկրներին»,- նշել է նա։Սամվել Կարապետյանն ասել է, որ մաքսատուրքերի ներդրումը կարող է բարդացնել արտահանումը ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան՝ նվազեցնելով ապրանքների մրցունակությունը։ Նա նշել է նաեւ, որ ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից։Սամվել Կարապետյանը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդրին եւ հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան քայլերի հնարավոր հետևանքները, որոնք երկիրը կրկին կարող են տանել ճգնաժամի։«Այսօր չափազանց կարևոր է կենտրոնանալ երկրի անվտանգության խնդիրների վրա, այդ թվում՝ տնտեսական կայունության և մրցունակության բարձրացման միջոցով, և ոչ թե քաղաքական հավակնությունները վեր դնել տնտեսական շահերից։ Նման մոտեցման հետևանքների օրինակները մենք կարող ենք տեսնել Վրաստանի իրավիճակում, որտեղ քաղաքական որոշումները բացասաբար են ազդել երկրի կայունության վրա»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 2365