Ազդարարվել է Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։ Այդ մասին ասվում է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության հաղորդագրության մեջ, որն ամփոփել է նոյեմբերի 27-ից 29-ը կայացած ԵՄ արտաքին գործողությունների ծառայության եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների պատվիրակության այցի արդյունքները:«Հարթակը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանը եւ միջազգային ֆինանսական հաստատություններին, եւ այն կօգնի էլ ավելի մեծացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում, որի միջոցով Հայաստանում արդեն իսկ մոբիլիզացվել են մինչեւ 500 միլիոն եվրո ծավալի ներդրումներ։ Հարթակի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են երկու նոր ծրագրեր՝ ուղղված Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ համագործակցությամբ մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ աջակցությանը հայկական ՓՄՁ-ներին, - ասված է հաղորդագրության մեջ:Կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարեւորել է նման ձեւաչափով աշխատանքների կազմակերպումը՝ ընդգծելով ԵՄ Տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար:«Մհեր Գրիգորյանը նաեւ նշել է եվրոպական ֆինանսական կառույցների առանցքային դերը՝ որպես ծրագրերի իրականացնող ամենակարեւոր օղակներ», - ասվում է կառավարության հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1486