«Ռոսսելխոզնադզորը» հայ գործընկերներից «անհապաղ միջոցներ» է ակնկալում

29.11.2023 | 11:32 Գլխավոր էջ / Նորություններ /
«Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ արձանագրել է Հայաստանից վնասատուներով վարակված բուսաբուծության մատակարարումների «կտրուկ աճ» եւ ՀՀ գործընկերներին խնդրել է անհապաղ միջոցներ ձեռնարկել խախտումները կանխելու համար։

«Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարի հայկական ծաղկային եւ պտուղ-բանջարեղենային արտադրանքի մեջ վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք է գրանցվել։

«Ընդ որում, նոյեմբերին արձանագրվել է խախտումների կտրուկ աճ՝ միայն նոյեմբերի 24-ից 26-ը Ռուսաստանում բացահայտվել է վարակված ծաղիկների, վարունգի, չրերի, խաղողի, ծաղկակաղամբի, լոլիկի, պղպեղի, սմբուկի, խնձորի, տանձի ներկրման 36 դեպք, որոնք ներկրվել են Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված ֆիտոսանիտարական հավաստագրերի ուղեկցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նոյեմբերին հայտնաբերվել է լոլիկի, ելակի, խնձորի եւ խաղողի մեջ պեստիցիդների մնացորդների առավելագույն թույլատրելի չափերը գերազանցելու հինգ դեպք, ինչը կարող է վկայել հայ արտադրողների կողմից պեստիցիդների օգտագործման կանոնների խախտման մասին։

«Ռոսսելխոզնադզորը» բոլոր խախտումների մասին ծանուցել է Հայաստանի իրավասու մարմնին, սակայն կատարված ուսումնասիրությունների մասին ծառայությունը տեղեկություն դեռ չի ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է հղել Հայաստանին՝ խնդրելով «անհապաղ համապարփակ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու աղտոտված արտադրանքի առաքումը Ռուսաստան եւ ՌԴ գերատեսչությանը տեղեկացնել կատարված աշխատանքների մասին»։

Հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ «սահմանին ֆիտոսանիտարական հսկողությունն իրականացվում է սովորական ռեժիմով, Հայաստանից եկող բեռների ստուգման եւ գրանցման կանոնները չեն փոխվել»։
Դիտում՝ 4950

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW