ԱՆԻՖ-ի դուստր ֆոնդը վաճառում է «Սերմից ֆերմա» ընկերությունում ունեցած բաժնետոմսերը

04.08.2023 | 13:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #«Սերմից ֆերմա»
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր ընկերության կողմից կառավարվող` «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը վաճառում է «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունների խմբի հետ համատեղ իրականացվող «Սերմից ֆերմա» ընկերությունում ունեցած բաժնետոմսերը նույն ընկերությանը:

ԱՆԻՖ-ից հայտնել են, որ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը եւ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունների խմբի համատեղ ծրագիրը ֆոնդի հաջողված նախագծերից է, որը թույլ է տալիս ամբողջացնել ընկերության` «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգը:

«Այսպիսով, Ֆոնդը ներդրում է իրականացրել մասնավոր ընկերությունում, ձեռք բերել բաժնետոմսեր, իսկ երկու տարի անց, փոխադարձ համաձայնությամբ, հետ վաճառել բաժնետոմսերն այդ ընկերությանը, որն արդեն առանց ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի մասնակցության կշարունակի իր բնականոն գործունեությունը»,- ասված է հաղորդագրությունում:

ԱՆԻՖ-ից հիշեցնում են, որ ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1,085,500,000 ՀՀ դրամ, որից Ֆոնդի ներդրումը` 265,925,000 ՀՀ դրամ:

«Երկու տարվա ընթացքում ֆոնդի ներդրումը լիարժեք կատարեց իր առաքելությունը՝ նպաստելով բիզնեսի ստեղծմանն ու կայացմանը, միաժամանակ կարճ ժամանակահատվածում ֆինանսական դրական արդյունք ապահովելով ներդրողի՝ տվյալ դեպքում ՀՀ կառավարության համար։

Կարծում ենք` Հայաստանում բաժնեմասնակցային ֆինանսավորման կայացման հիմքում հենց այսպիսի հաջող գործարքներն են, որից գոհ է մնում թե՛ բիզնեսը, թե՛ ներդրողը։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերոջը համագործակցային աշխատաոճի համար եւ հաջողություն ենք մաղթում հետագա նախաձեռնություններում»,- գործարքը մեկնաբանել է ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ընկերության տնօրեն Բելլա Մանուկյանը։

«Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունների խումբը 2020թ.-ին սկսել է տոհմային անասնաբուծությունը եւ այժմ իրացնում է իր կաթնամթերքը «Երեմյան փրոդաքթս» անվանմամբ: «Հայաստանյան շուկայում անասնակերի առաջարկը բավարար չէր եղել կազմակերպության պահանջարկը բավարարելու համար, եւ անհրաժեշտություն էր առաջացել գնել սեփական հողատարածք եւ արտադրել անասնակեր սեփական կարիքների բավարարման համար: Ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում ձեռք է բերվել 225 հա հողատարածք, որի վրա աճեցվել է առվույտ եւ եգիպտացորեն: Բացի այդ, ձեռք է բերվել նաեւ 19 կտոր ժամանակակից գյուղտեխնիկա, ներդրվել ոռոգման ժամանակակից համակարգ»,- ասված է հաղորդագրությունում:

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի մասնակցությունը համատեղ ծրագրերում սահմանափակվում է 10 տարի ժամկետով, նախնական համաձայնեցված ռազմավարությամբ` բաժնետոմսերի վաճառք գործընկերոջը: Ֆոնդի մասնակցությունը կապիտալում կազմում է 25.1% – 49.9%, իսկ մասնակցության չափը մեկ ծրագրում՝ $0.5 – 4մլն:
Դիտում՝ 9875
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW