Կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի սահմանվել են ընտանեկան եւ սոցիալական նպաստի, հրատապ օգնության գումարների անկանխիկ վճարման համակարգին անցնելն ապահովող հիմնական կարգավորումները։Նոր կարգավորումների համաձայն՝ ընտանեկան եւ սոցիալական նպաստի, ինչպես նաեւ հրատապ օգնության գումարները վճարվում են անկանխիկ եղանակով, բացառությամբ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձանց, որոնց դիմումի հիման վրա կարող է վճարվել կանխիկ կամ անկանխիկ եղանակով: Նշվում է, որ անկանխիկ վճարման համակարգի ներդրման համար սահմանվել են այն գործողությունները, որոնք կապահովեն փուլային եղանակով 2023թ. հուլիսի 1-ից քաղաքներում եւ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թ. հունվարի 1-ից՝ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղերում անկանխիկ եղանակով վճարումները: Այն դեպքում, երբ նպաստառուն չի ներկայացնի բանկի ընտրության դիմում, նրա փոխարեն բանկը կընտրի գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան շահագործող կազմակերպությունը: Բանկը փոխելու նպատակով նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրի տարածքային կենտրոն։ Tweet Դիտում՝ 2331