«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության ու ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ:Ինչպես հայտնում են «Մենք ենք մեր սարերը» գործակալությունից, հուշագրերի համաձայն՝ գործակալությունը Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությանն անհատույց կտրամադրի մոտ 80 տոննա սննդամթերք՝ բնակչության սոցիալական համապատասխան խմբերին հատկացնելու համար: ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կտրամադրվի ավելի քան 180 տոննա սննդամթերք՝ Արցախի պետական պահուստում ներառելու նպատակով:Շրջափակման ընթացքում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը նախաձեռնել եւ իր նվիրատուների միջոցներով եւ աջակցությամբ սկսել էր իրականացել «Արցախի պարենային պահուստի համալրում» ծրագիրը, որի նպատակը սննդարար, բայց միաժամանակ փոխադրման եւ պահպանման տեսանկյունից առավել նպատակահարմար ապրանքատեսակների ձեռքբերումն էր:«Շրջափակումը ցույց տվեց, թե հատկապես ինչպիսի առաջնային սննդամթերքի կարիք ունենք: Մասնագետների հետ քննարկվեցին եւ ընտրվեցին այնպիսի ապրանքատեսակներ, որոնք կարող են բնակչության համար բալանսավորված սնունդ ապահովել եւ առավել հարմար են պահպանման տեսանկյունից: Կազմակերպվեց դրանց ձեռքբերումն ու փոխադրումը, եւ հիմա բեռների մեծ մասն արդեն հասցվել է Արցախ: Այս հուշագրերի նպատակն է ապրանքները փոխանցել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի նրանք իրականացնեն բաշխումն ու հետագա տնօրինումը»,- ասել է գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 5289