Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը: Զեկուցվել է ոլորտում իրականացվող աշխատանքների, կառուցվածքային եւ համակարգային խնդիրների ու մարտահրավերների, ինչպես նաեւ ոլորտի զարգացման հեռանկարների մասին: Կառավարությունից հայտնել են, որ մանրամասներ են ներկայացվել «Զվարթնոց» եւ «Շիրակ» միջազգային օդանավակայանների, «Էրեբունի» եւ «Սյունիք» օդանավակայանների, ինչպես նաեւ ՀՀ օդանավ շահագործող ընկերությունների վերաբերյալ: Ըստ զեկույցի, 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է օդանավ շահագործողի վկայական կրող 9 ավիաընկերություն, որոնցից 5-ը՝ կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր կրող: 2021 թվականին ավիաընկերությունների թիվը եղել է 7, իսկ 2023-ին կանխատեսվում է, որ կլինի 11: Նշվում է, որ 2021թ. ՀՀ շուկա մուտք գործած օտարերկրյա ավիաընկերությունների թիվը կազմել է 4, իսկ 2022թ.՝ 9: Հայաստան եւ Հայաստանից չվերթներ է իրականացնում 35 ավիաընկերություն՝ 45 ուղղությամբ:Հայաստանից կանոնավոր թռիչքներ իրականացվում են շուրջ 23 պետություն՝ 45 քաղաք: ՀՀ օդանավակայանների ուղեւորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 2 մլն 400 հազար 351, իսկ 2022-ին՝ 3 մլն 698 հազար 256. աճը կազմել 54%: Տեղական ավիաընկերություններով ուղեւորափոխադրումները («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ) 2021թ. եղել է 269,087, իսկ 2022-ին՝ 916, 257, այսինքն՝ ընդհանուր ուղեւորափոխադրումների 25%-ն իրականացվել է հայկական ավիաընկերությունների կողմից: ՀՀ օդանավակայանների բեռնափոխադրումները («Զվարթնոց» օդանավակայան) 2021թ. եղել է 17,321, իսկ 2022-ին՝ 23,341: Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով:Իրականացվելիք կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ոլորտում ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող վերահսկողություն, միջազգային գործընկերների հետ համագործակցության արդյունքում ներգրավել որակավորված մասնագետներ: Զեկուցվել է, որ շարունակվում են հետեւողական աշխատանքները Եվրոպական միության թռիչքային անվտանգության «սեւ ցուցակ»-ից դուրս գալու ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել հայկական ավիաընկերությունների վերասերտիֆիկացում, մասնագետների վերապատրաստում եւ մի շարք այլ գործողություններ: 02.06.2020 | 23:24 Քաղավիացիայի կոմիտեն՝ Եվրահանձնաժողովի թարմացված ցուցակի մասին Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի զարգացման հեռանկարներին, ընդգծվել են մի շարք ուղղություններով տարվող աշխատանքները, մասնավորապես՝ վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով նոր՝ էլեկտրոնային համակարգի ներդրման (Q-Pulse), ավիացիոն առարկաների դասավանդողների եւ հրահանգիչների պատրաստման ուղղությամբ ծրագրերը: Քայլեր են իրականացվելու գործող ավիաուսումնական կենտրոնների զարգացման եւ ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխան նոր ավիացիոն ուսումնական կենտրոնների ստեղծման, ընդհանուր ավիացիայի եւ փոքր ավիացիայի զարգացման, ներքին ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման եւ ներքին օդանավակայանների (Ստեփանավան, Գորիս) շահագործման վերականգնման, ինչպես նաեւ միջազգային բեռնափոխադրումների զարգացմանն աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորություններին ու այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին: Tweet Դիտում՝ 3010