Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը համալրել է ավիապարկը երկրորդ Airbus 320 ինքնաթիռով։Այս ինքնաթիռը սպասարկելու է Fly Arna-ի ուղղությունների աճող ցանցը, ներառյալ` սեպտեմբերի 23-ից մեկնարկող Երեւան-Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Սոչի-Երեւան չվերթները։«Որպես ազգային ավիաուղիներ՝ մեզ համար առաջնային է մեր ուղեւորների հարմարավետությունը և նրանց համար հնարավորինս հաճելի թռիչքի փորձառության ապահովումը։ Երկրորդ ինքնաթիռի համալրմամբ մեր ուղեւորներին հնարավորություն ենք տալիս այսօրվանից օգտվել ամենահարմար ժամերին ճամփորդելու առավելությունից՝ շաբաթական 14 անգամ դեպի Մոսկվա եւ 3 անգամ՝ դեպի Սոչի: Ճամփորդությունն էլ ավելի հաճելի դարձնելու համար թարմացրել ենք SkyTime սթիմինգային ծառայությամբ թռիչքի ժամանակ հասանելի ֆիլմերի, հաղորդաշարերի եւ այլ ժամանցային ծրագրերի ցանկը։ Խոսելով հարմարավետությունից՝ նշեմ, որ մեր թռիչքների ժամանակ ուղևորները նաև ունեն օդանավի Sky Café-ի ուտեստների տեսականուց իրենց սնունդը ընտրելու առավելություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:Fly Arna-ն մեկնարկել է 2022թ. հունիսի սկզբին եւ ներկայում իրականացնում է չորս ուղիղ թռիչքներ՝ դեպի Հուրգադա, Շարմ էլ Շեյխ, Մոսկվա եւ Սոչի:«Fly Arna-ն առաջարկում է հուսալի եւ մատչելի ապրանքներ ու ծառայություններ։ Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջեւ այնպիսի տարածք է նախատեսված, որն ապահովում է ուղեւորների հանգիստը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում կարող եք գտնել տարբեր թեթեւ նախուտեստներ եւ սենդվիչներ՝ մատչելի գներով: Օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության եւ աուդիոգրքերի լայն ընտրանի»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 20954