«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Հայաստանի Անկախության օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով։«Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քաղաքական և տնտեսական գործոնները չափազանց արագ են փոխվում։ Բայց մի բան միշտ մնում է անփոփոխ՝ ուժեղ և բարգավաճ Հայրենիքը աշխարհասփյուռ հայության հենարանն ու հպարտությունն է։ Ես հավատում եմ Հայաստանի հատուկ առաքելությանը։ Մեր փոքր ժողովուրդը կարողացել է պահպանել իր ինքնությունը, հոգևոր ու բարոյական արժեքները և անկախ պետություն ստեղծել։ Այդ իսկ պատճառով այսօր բոլորիս ուժ եմ մաղթում եւ ուզում, որ միավորենք յուրաքանչյուրիս ջանքերը մեր երկրին օգնելու համար։ Մենք դեռ շատ խոչընդոտներ ունենք հաղթահարելու, բայց միայն միասնական լինելով կրկին կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները, հասնել բարգավաճման և խաղաղության՝ հանուն մեր երկրի ապագայի։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն և երախտագիտություն հայտնել նրանց, ովքեր այժմ պաշտպանում են մեր սահմանները, պաշտպանում են Հայաստանի անկախությունը։ Դուք ամենից լավ գիտեք այս տոնի արժեքը, ձեր շնորհիվ ապահովվում է պետության անվտանգությունը և մարդկանց խաղաղ կյանքը։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել համայն հայությանը Անկախության օրվա առթիվ և հույս հայտնել, որ մոտ ապագայում էլ ավելի շատ մարդիկ ամբողջ աշխարհում կիմանան մեզ բնորոշ տաղանդների, աշխատասիրության, իմաստության և ստեղծագործ էներգիայի մասին», - ասել է գործարարը։ Tweet Դիտում՝ 6574