Խալեդ Հելիոուին դարձել է €250 մլն արժողությամբ ֆոնդի համահիմնադիր. Financial Times

01.07.2022 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Խալեդ Հելիոու #ԱՆԻՖ
ԱՆԻՖ-ի ներդրումային կոմիտեի նախագահ Խալեդ Հելիոուին երեք այլ եվրոպացի ներդրողների հետ համահիմնադրել է 250 միլիոն եվրոյի վենչուրային ֆոնդ՝ նորաստեղծ ձեռնարկություններում ներդրումներ անելու նպատակով։ Խալեդ Հելիոուին ակտիվ ներդրող է, ով աջակցում է հստակ առաքելություն ունեցող նորաստեղծ ձեռնարկություններին, ինչպիսիք են Uber-ը (պարոն Հելիոուին հանդիսացել է ընկերության առաջին եվրոպական ներդրողը), Deliveroo- ն, Student.com-ը, Werlabs-ը, Soldo-ն, Upgraded-ը, Yumi- ն եւ Bolt-ը: Խալեդ Հելիոուի մասնակցությամբ այս՝ ֆինանսական աշխարհում նշանակալի իրադարձությանը անդրադարձել են ոլորտի առաջատար լրատվամիջոցները, ինչպիսիք են օրինակ Techcrunch-ը, որն ընդգծել է նաեւ պարոն Հելիոուիի մասնակցությունը ԱՆԻՖ-ում, եւ Financial Times-ը։  Financial Times-ի հոդվածի թարգմանությունը՝ ստորեւ։

Plural-ը գործարկում է 250 միլիոն եվրո արժողությամբ հիմնադրամ եվրոպական տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկությունների համար

Չորս եվրոպացի ձեռնարկատերեր հիմնել են 250 միլիոն եվրոյի ֆոնդ՝ աջակցելու տեխնոլոգիական նորաստեղծ ձեռնարկություններին տարածաշրջանում, ձգտելով կոտրել ավանդական վենչուրային կապիտալի մոդելը՝ ստեղծելով գործընկերների միջեւ անմիջական ներդրումային հարթակ:

Plural կոչվող նոր ֆոնդի համահիմնադիրներն են Տաավետ Հինրիկուսը, միջազգային վճարումների Wise ընկերության համահիմնադիրը, Յան Հոգարտ, Songkick ընկերության համահիմնադիր, Սթեն Թամկիվի, Teleport-ի համահիմնադիր, եւ Bigpoint-ի նախկին գործադիր տնօրեն Խալեդ Հելիոուին:

Խումբը նպատակ ունի առաջիկա 18 ամիսների ընթացքում ներդրումներ կատարել ավելի քան 25 նորաստեղծ ձեռնարկություններում՝ վերցնելով նախնական փուլի բաժնետոմսեր 1-ից մինչեւ 10 միլիոն եվրո: Եթե հաջողվի, Plural-ը տասնյակ այլ ձեռնարկատերերի կներգրավի որպես ներդրողներ եւ ավելի մեծ միջոցներ կհավաքի եվրոպական ստարտափներին խթանելու համար:

Այս քայլը տեղի է ունենում տեխնոլոգիական անկման ժամանակ, որը ստիպել է շատ վենչուրային ընկերությունների նվազեցնել ներդրումները՝ մեկնաբանելով, որ դժվարացել է գնահատել ստարտափները, բաց եւ մասնավոր շուկաներում տիրող ցնցումների պայմաններում:

Սակայն համահիմնադիր Հինրիկուսը, ով անցյալ տարի Wise-ը ներկայացրել էր Լոնդոնում, որը գնահատվել է մոտ 9 միլիարդ ֆունտ ստեռլինգ, ասում է, որ հիմնադրամը արձագանքն է Եվրոպայի ստարտափ հատվածի առաջընթացին, որը հասունանում է Սիլիկոնյան հովտի նման, երբ հաջողակ ձեռնարկատերերի մի սերնդին հաջորդում է մյուսը:

Օրինակ, նա ասում է, որ eBay-ի կողմից 2,6 միլիարդ դոլարով 2005 թվականին գնված տեսահեռախոսակապի ընկերության՝ էստոնական Skype-ի, ամենավաղ շրջանի աշխատակիցներից ոմանք Էստոնիայում հիմնել են այլ հաջողակ նորաստեղծ ընկերություններ, ինչպիսիք են Wise-ը եւ Bolt-ը։ Երկուսն էլ դարձան «միաեղջյուր» բիզնեսներ, որոնց արժեքը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:

Այժմ Էստոնիայում կա 10 «միաեղջյուր» բիզնես, այսինքն՝ մեր բնակչության յուրաքանչյուր 130,000-ից մեկը, մինչդեռ Չինաստանում՝ 7 միլիոնից մեկը: Ստարտափներն իրենց ազդեցությունն են ունեցել Էստոնիայի ՀՆԱ-ի մակարդակի վրա։ Մենք ցանկանում ենք, որ սա տարածվի ամբողջ Եվրոպայում»,- ասել է Հինրիկուսը: Թեեւ տեխնոլոգիական ոլորտում ներկայիս անկումը կարող է ազդել կարճաժամկետ գնահատումների վրա, նա ասաց, որ դա չի փոխի երկարաժամկետ միտումները:

Plural-ի չորս ներդրումային գործընկերներից յուրաքանչյուրը, որոնք միասին ներդրել են Plural-ի կապիտալի ավելի քան 10%-ը, կգտնեն եւ կհովանավորեն գործարքներ առանց ներդրումային կոմիտեի պաշտոնական հաստատման:

Ֆոնդը նաեւ ակնկալում է մինչեւ տարեվերջ ներգրավել ընդհանուր առմամբ 10 ձեռներեցի՝ որպես ներդրող։ Եվրոպական վենչուրային ընկերությունների գործընկերների միայն 8%-ն էր ձեռներեց՝ համեմատած ԱՄՆ-ի համանման ֆոնդերի ավելի քան 50%-ի հետ:

Մրցակից վենչուրային կապիտալի ընկերությունները կասկածի տակ են դնում պնդումը, թե ձեռներեցները լավագույն ներդրողներն են: Նրանք նաեւ պնդում են, որ վենչուրային ընկերությունների ձեռնտու է ունենալ տարբեր  ներդրումային գործընկերներ՝ ներառյալ պրոֆեսիոնալ ֆոնդերի կառավարիչները եւ ներդրումային բանկերի MBA կրթությամբ ֆինանսական փորձագետները, որոնք կարող են լավագույնս ձեւակերպել գործարքները հետագա փուլում: ԱՄՆ-ի որոշ վենչուրային ընկերություններ, ինչպիսիք են Andreessen Horowitz-ը, սկիզբ են առել որպես ձեռնարկատերերի ղեկավարած ընկերություններ, սակայն դրանից հետո ընդլայնել են իրենց գործընկերությունը:

Հոգարտը նշում է, որ վենչուրային ընկերությունների ֆինանսական փաստաթղթերը այնքան էլ օգտակար չեն եղել ներդրումային որոշումներ կայացնելու համար, երբ ինքը հիմնադիր էր: Plural-ի չորս գործընկերներն իրենց անվանում են «աշխատանքի ընդունվելու համար անպիտան», քանի որ նրանց մոտեցումները չէին տեղավորվում ընկերությունների ավանդական մոդելի մեջ, եւ նրանք ցանկանում էին առաջամարտիկ լինել ավելի ապակենտրոն ներդրումային մոտեցման մեջ:

Մենք չենք սիրում հիերարխիա, եւ վենչուրային ընկերությունների մեծ մասը ծաղկում է հիերարխիայի վրա: Միակ ճանապարհը, որով մենք կարող ենք ազդել հարյուրավոր սկսնակ ձեռնարկությունների վրա, դա մեզ նմանների թվի մեծացումն է», - ասում է Հոգարտը: «Ֆոնդը գործարկելու ամենաանարդյունավետ միջոցը փոքր թվով պարտնյորներով ահռելի գումարներ կառավարելն է։ Մենք ուզում ենք հակառակն անել»,- ասում է նա:

Թեեւ Plural-ը դեռ հստակ որոշում չունի, թե որ ոլորտներին աջակցել, այն ակտիվորեն կփնտրի բիզնեսներ մարգինալացված շրջանակներից, ովքեր դժվարությամբ են գտնում ֆինանսավորում: «Եվրոպայում հսկայական չօգտագործված ներուժ կա եւ դա շատ ոգեւորիչ է։ Հրաշալի բիզնես հիմնադիրներ կարող են գալ ցանկացած վայրից: Ընդամենը պետք է ընտրել մարդկանց, որոնք չեն համապատասխանում վենչուրային կապիտալիստների ավանդական օրինակին», - ասում է Հելիոուին:

Որպես օրինակ՝ նա բերում է Mos-ը՝ ֆինտեխ ընկերություն, որում Plural-ն արդեն ներդրումներ է կատարել, որը հիմնադրվել է թունիսցի իրավապաշտպան Ամիրա Յահյաուիի կողմից, ով որոշ ժամանակ անօրինական ներգաղթյալ էր Եվրոպայում: Յահյաուին հետո տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ նրա ընկերությանն աջակցել են խոշոր վենչուրային խմբերը, ինչպիսիք են Sequoia-ն:

«Եվրոպայում չէին պատկերացնում, որ կարելի է ներդրումներ կատարել օտարի, կնոջ, ներգաղթյալի բիզնեսում, ով չուներ նույնիսկ համալսարանական կրթություն։ Բայց ես դրսեւորեցի ճկունություն եւ ոչ ստանդարտ մտածողություն: Կարծում եմ, որ Plural-ը հնարավորություն ունի ամեն ինչ այլ կերպ անելու: Հաջողության հասնելու համար պարտադիր չէ, որ քո անունը լինի Լուի, Խավիեր կամ Բենուա»,- ասում է նա:
Դիտում՝ 3078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW