Հայաստանում կենսաթոշակառուների համար զեղչային համակարգ կստեղծվի

13.05.2022 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կենսաթոշակառուներ #անկանխիկ առեւտուր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ առաջիկայում Հայաստանում կներդրվի մի համակարգ, որը կենսաթոշակառուներին թույլ կտա խանութներից, դեղատներից առեւտուր անելու ժամանակ օգտվել զեղչերից կամ հետ ստանալ առեւտրի գումարի որոշակի տոկոսը։

«Այս տարվանից կենսաթոշակների անկանխիկ վճարումների ծավալներն ընդլայնել ենք։ Առաջիկայում բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առեւտրի նկատմամբ պետք է կիրառենք զեղչերի համակարգ։ Այն ունի մի քանի կարեւոր նշանակություն՝ սոցիալական, կանխիկի շրջանառության կրճատում եւ այդ առեւտրի, գործարքների վերլուծության արդյունքում կկարողանանք առավել արդյունավետ դարձնել մեր սոցիալական քաղաքականությունը, գտնել մեր կենսաթոշակառուների կարիքների առավել զգայուն կետերն ու փորձել հասցեական ձեւով ավելի հասանելի դարձնել»,- Կառավարության նիստում ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ զեղչերի համակարգը պետության եւ մասնավորի համագործակցության օրինակ է եւ հույս ունի, որ զեղչերը կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի եւ մասնավորի կողմից։

«Մենք բանակցում ենք նաեւ տարբեր ընկերությունների հետ՝ այս ծրագրում ներգրավելու համար, բայց ենթադրում եմ, որ ոչ բոլորն են տեղյակ այս պրոցեսից։ Այն ընկերությունները, որոնք կանխիկ առեւտրի համակարգ ունեն եւ ուզում են մասնակցել ծրագրին, պետք է առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում աշխատեն Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ։ Թեպետ, եթե համակարգը «դե յուրե» ուժի մեջ մտնի, չի նշանակում, որ մյուս ընկերությունները չեն կարողանա ներգրավվել դրա մեջ, բայց եթե հենց մեկնարկի պահից հնարավորինս լայն ընդգրկում ունենա, կարծում եմ՝ առավել արդյունավետ կլինի»,- ասել է վարչապետը։

Նա նաեւ նշել է, որ երբ որոշումն ընդունվի, այդ ժամանակ ծրագրի մանրամասները կհրապարակենք։
Դիտում՝ 6370
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW