ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Նյու Դելիում տեղի ունեցած հայ-հնդկական գործարար համաժողովին ասել է, որ «Հնդկաստանը դարձել է մեր կարեւոր տնտեսական գործընկերը եւ կա չօգտագործված հսկայական ներուժ, որի իրացման համար մենք պետք է աշխատենք միասին»։«Հնդկաստանը, որն անվանական ՀՆԱ-ով աշխարհի 6-րդ երկիրն է եւ խոշոր տերությունների մեջ ամենաարագ զարգացող տնտեսությունը, հայ գործարարների, տեխնոլոգների եւ սկսնակ ձեռներեցների համար կարող է դառնալ անսահմանափակ հնարավորությունների երկիր: Հայաստանը՝ գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, շատ բան ունի առաջարկելու Հնդկաստանին։ ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ 180 մլն բնակչությամբ եւ շուրջ $200 տրլն ՀՆԱ-ով, Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի հետ «GSP» առեւտրային ռեժիմը շոշափելի առավելություններ են Հայաստանի ներդրումային գրավչության եւ օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության համար»,- ասել է նա։Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը կարող են փոխշահավետ համագործակցություն հաստատել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես բարձր տեխնոլոգիաների, ՏՏ, կրթության, զբոսաշրջության, ավիացիայի, լոգիստիկայի եւ դեղագործության ոլորտները գործընկերության ամենահեռանկարային եւ առաջադեմ ոլորտներից են: Tweet Դիտում՝ 2109