Ղարիբաշվիլին ներմուծողներին կոչ է արել իջեցնել վառելիքի գները

11.04.2022 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Իրակլի Ղարիբաշվիլի #վառելիք
Նավթի համաշխարհային գների անկման եւ ազգային արժույթի կայունացման ֆոնին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել ներմուծողներին նվազեցնել վառելիքի գները:

«Աշխարհում մեկ բարել նավթի գինը նվազել է մինչեւ $95, դոլարի նկատմամբ ամրապնդվել է նաեւ լարին։ Ուստի, վառելիքի հարգելի ներկրողներ, ես ակնկալում եմ, որ դուք հաշվի կառնեք մեր բնակչության, երկրի վիճակը եւ հնարավորինս արագ կկարգավորեք վառելիքի գները»,- Ղարիբաշվիլիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, աշխարհում նավթի գները սկսել են աճել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Արժեզրկվել է նաեւ վրացական ազգային արժույթը, որը վերջին շրջանում կարողացել է կայունանալ։

«Ուկրաինայում պատերազմի բռնկվելուց հետո միջազգային շուկայում շոկ առաջացավ, այդ թվում՝ նավթի գների հետ կապված։ Դրանք ավելացան մոտ 70%-ով եւ գերազանցեցին մեկ բարելի դիմաց 140 դոլարը։ Քանի որ մենք ամբողջությամբ կախված ենք ներմուծումից, ամեն ինչ առաքում ենք դրսից եւ նավթամթերք արտադրող չենք, բնականաբար, գները բարձրացան նաեւ մեզ մոտ»,- եզրափակել է Ղարիբաշվիլին:

Լարին արժեզրկվում էր փետրվարի 25-ից: Մարտի 10-ին այն հասավ առավելագույն ցուցանիշի՝ 3,4 լարի մեկ դոլարի դիմաց։ Ներկայում Վրաստանի ազգային արժույթի փոխարժեքը  3,08 լարի է մեկ դոլարի դիմաց։
Դիտում՝ 3000

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW