Գնաճի նպատակադրման ռազմավարության ներքո էապես կարեւորվում է Կենտրանական բանկի հաղորդակցումը հանրության հետ, որի հիմնական ուղիներից մեկը յուրաքանչյուր եռամսյակ «Գնաճի հաշվետվության» հրապարակումն է:Այս մասին ասված է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հրապարակված 2022 թվականի առաջին եռամսյակի «Գնաճի հաշվետվության» ներածության մեջ։ «Գնաճի հաշվետվության» առաջին բաժինը ներկայացնում է «Դրամավարկային քաղաքականության ծրագիրը», որը ներառում է կանխատեսվող հորիզոնում դրամավարկային քաղաքականության ուղղությունները եւ դրանց ներքո գնաճի ու մակրոտնտեսական մյուս ցուցանիշների կանխատեսումները: Վերոնշյալ կանխատեսումները հիմնված են ներկա իրավիճակի ԿԲ գնահատականների եւ ապագայի վերաբերյալ ենթադրությունների վրա, որոնք ներառում են նաեւ ԿԲ գործողությունների ազդեցությունը:Հաշվետվության երկրորդ բաժինը նախորդող մեկ տարվա կտրվածքով դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունն է, որը ներկայացնում է իրականացված դրամավարկային քաղաքականության արդյունքները եւ տնտեսության փաստացի զարգացումները:«Գնաճի նպատակային ցուցանիշին զուգահեռ գնաճի կանխատեսման եւ դրա հիմքում ընկած ենթադրությունների հրապարակումը ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը դարձնում է առավել թափանցիկ, հասկանալի եւ կանխատեսելի, որով նպատակադրվում է բարձրացնել Կենտրոնական բանկի հանդեպ հանրության վստահությունը: ՀՀ կենտրոնական բանկը համոզված է, որ հանրության համար հասկանալի ու վստահելի դրամավարկային քաղաքականությունը արդյունավետ ներգործություն ունի գնաճային սպասումների խարսխման եւ գների կայունության ապահովման ծախսերի նվազեցման առումով»,- ընդգծել են ԿԲ-ում։Նշվում է նաեւ, որ դրամավարկային կանոնի համաձայն՝ քաղաքականությունն ուղղվում է նպատակային 4% ցուցանիշի եւ գնաճի կանխատեսումների միջեւ շեղումները արդյունավետ կերպով նվազագույնի հասցնելուն: Ծրագրված քաղաքականության ուղղությունների արդյունքում ձեւավորվող գնաճի ցուցանիշի հետագիծը հրապարակվում է հավանականությունների բաշխման գծապատկերի միջոցով՝ 12 եռամսյակների ժամանակային հորիզոնի համար:Սույն հաշվետվությունում կանխատեսումների համար հիմք են ծառայել մինչեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հաստատման օրը՝ 2022 թ. մարտի 15-ն առկա փաստացի տեղեկատվությունը, Կենտրոնական բանկի կողմից արված հարցումների արդյունքները եւ մակրոտնտեսական ապագա զարգացումների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա արված դատողությունները:ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) կողմից հրապարակված 2022 թվականի առաջին եռամսյակի «Գնաճի հաշվետվությունը» ներկայացված է այս հղումով։ Tweet Դիտում՝ 2101