Ինչպե՞ս կզարգանան Ռուսաստանի հարաբերություններն ԱՄՀ-ի հետ

05.03.2022 | 16:49 Գլխավոր էջ / Նորություններ /
#Reuters #Ռուսաստան #ԱՄՀ
Եվրամիության (ԵՄ) պաշտոնյաները քննարկում են Ռուսաստանի՝ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջոցներին հասանելիության եւ կազմակերպության վրա նրա ազդեցության սահմանափակման հարցը, գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Reuters գործակալության վեց աղբյուրները։

Քննարկվող տարբերակներից մեկը ենթադրում է Ռուսաստանի իսպառ հեռացումը միջազգային կազմակերպությունից, նշում են աղբյուրները։ Միաժամանակ, նրանք ընդգծում են, որ դա անելը շատ դժվար կլինի, եթե ոչ անհնար։ Մյուս տարբերակները ներառում են Ռուսաստանի քվեարկության իրավունքի կասեցումը, ինչպե նաեւ ԱՄՀ-ի սեփական արժույթին՝ Փոխառության հատուկ իրավունքներին (Special Drawing Rights) երկրի հասանելիության փակումը:

«Քննարկումները շարունակվում են, սակայն ամբողջական հեռացումը, հավանաբար, իրատեսական չէ՝ անհրաժեշտ քվորումի պատճառով»,- ասել է աղբյուրներից մեկը՝ Եվրոգոտու բարձրաստիճան պաշտոնյա։ Նրա խոսքով՝ նման որոշումը կպահանջի երկրների, այդ թվում՝ Չինաստանի կողմից լայն աջակցություն։ ԱՄՀ-ից չեն հեռացվել անգամ ցեղասպանության համար մեղավոր երկրները. դրա համար անհրաժեշտ է ապացուցել ԱՄՀ-ի համաձայնագրի իրավաբանական խախտումը, ուստի այս տարբերակը շատ քիչ հավանական է, ասել է մեկ այլ աղբյուր։

Reuters-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Ռուսաստանի կարգավիճակն ուսումնասիրում են այն մտավախություններից ելնելով, որ երկիրը կարող է օգտագործել ԱՄՀ-ն՝ Ռուսաստանի Բանկի դեմ այն պատժամիջոցները շրջանցելու համար, որոնք սահմանափակել են նրա հասանելիությունը միջազգային պահուստներին։

ԱՄՀ-ից Ռուսաստանի հեռացումը կամ նրա ազդեցության սահմանափակումը կուժեղացներ ճնշումը ռուսաստանյան տնտեսության վրա եւ կդառնար խորհրդանշական քայլ, որը կմեծացնի Մոսկվայի միջազգային մեկուսացումը, նշում է Reuters-ը։ ԱՄՀ-ի աշխատանքներին Ռուսաստանի մասնակցության սահմանափակումը կարող է լինել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փուլի մաս, ենթադրում է գործակալությունը։

Քննարկվում է ոչ միայն ԱՄՀ-ում Ռուսաստանի կարգավիճակն, այլեւ միջազգային բոլոր ֆինանսական կառույցներից երկրի հեռացումը, նշել է Reuters-ի երկրորդ աղբյուրը՝ Եվրոգոտու պաշտոնյաներից մեկը։ Գործակալությունը, սակայն, այս առումով մանրամասներ չի հայտնել։
Դիտում՝ 2871
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW