Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) կաջակցի ՀՀ կառավարությանը Հայաստանի չափագիտության ոլորտը զարգացնելու գործում։ Դեկտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը ստորագրել են «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրային փաստաթուղթը:Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ծրագրի իրականացման տեւողությունը 39 ամիս է, արժեքը՝ €4.1 մլն, որից €4 մլն-ը ԵՄ-ի ներդրումն է, իսկ €100,000-ը՝ ՄԱԱԶԿ-ի։ Վահան Քերոբյանը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանը կկարողանա վերացնել առեւտրի տեխնիկական խոչընդոտները, ինչն ուղղակիորեն առնչվում է երկրի որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացման եւ միջազգային ճանաչման հետ: «Ծրագիրը կաջակցի Հայաստանի չափագիտության համակարգի արդիականացմանը Ստանդարտների եւ չափագիտության ազգային մարմնի ինստիտուցիոնալ ամրապնդման միջոցով, կընդլայնի Հայաստանի մասնակցությունը միջազգային եւ տարածաշրջանային չափագիտության համայնքներում, ինչպես նաեւ փոխհարաբերությունները Չափագիտության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի (EURAMET) հետ»,- ասել է նախարարը:Նա հայտնել է, որ ծրագիրը կօգնի ստեղծել Հայաստանում 4 տրամաչափման լաբորատորիաներ` գործարկելով համապատասխան չափման միջոցներ եւ սարքեր, որոնք անհրաժեշտ են պահանջվող տրամաչափարկման եւ չափագիտական կարողությունների համար, եւ կպատրաստի այդ լաբորատորիաներին միջազգային հավատարմագրման ձեռքբերման համար։ Արդյունքում Հայաստանում կբարելավվի արտադրված ապրանքների որակը եւ կապահովվի կատարված չափումների, փորձարկումների միջազգային ճանաչումը, ինչը կնպաստի մարդկանց կյանքի որակի բարձրացմանը եւ կընդլայնվի առեւտուրը ԵՄ եւ այլ օտարերկրյա երկրների հետ: Tweet Դիտում՝ 954