Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Լիտվայի Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ անդրադարձել այդ թվում տնտեսական ուղղվածություն ունեցող հարցերին։Նա նշել է, որ ԵՄ-ի հետ աշխատանք է տարվում առաջիկա տարիների ընթացքում 2,6 մլրդ եվրոյի ներդրումային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ «Արդեն իսկ ծրագրի վերաբերյալ մեր պատկերացումները ներկայացրել ենք ԵՄ գործընկերներին եւ հույս ունենք առարկայական աշխատանք տանել դրանց իրականացման ուղղությամբ։ Այդ ծրագրերը պետք է իրականացվեն ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորմամբ եւ այդ ծրագրերի մեկնարկը ներառված է հաջորդ տարվա բյուջեում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսում է իրականացնել աննախադեպ ծավալի` 350 մլրդ դրամի կապիտալ ծրագրեր, որոնք իրենց հերթին բերելու են նոր աշխատատեղեր: «Մեր խնդիրն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ստեղծագործական ընդունակություններով սեփական բարեկեցությունը բարելավել»,- ասել է նա: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը վերջին երկու տասնամյակում առաջին անգամ փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում` հանքարդյունաբերական ամենախոշոր ընկերությունում: «Հույս ունենք, որ պետության փայաբաժինը ժամանակի հետ կավելանա: Սա ուղղակի փայաբաժնի առք ու վաճառք չէ, այլ մի մեծ ներդրումային ծրագիր է, որն իրականացվելու է կառավարության աջակցությամբ`մասնավոր ընկերության կողմից: Այսօր, երբ Հայաստանի արտահանման կառուցվածքն ուսումնասիրենք, կտեսնենք, որ մի հսկայական մասն ուղղակի խտանյութ է, որը հիմնականում արտահանվում է Եվրոպական միություն, որտեղ դրանից ձուլում են պղինձ: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի պղնձաձուլարան, ինչը նշանակում է հազարավոր աշխատատեղերի ստեղծում»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ արդյունքում ՀՀ-ում կարտադրվի պղինձ: «Այս ներդրումային ծրագրի շրջանակում, տարբեր գնահատականներով, առաջիկա տարիներին մինչեւ 5 հազար աշխատատեղ կստեղծվի: Այդ հարցը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով Իրանի հետ տնտեսական հարաբերություններին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ դրանք խոչընդոտվում են պատժամիջոցների պատճառով։ «Ոչ միայն ՀՀ-ն, այլեւ աշխարհում շատ երկրներ կան, որ չունեն հնարավորություն՝ շրջանցել այս իրողությունը։ ՀՀ-ն երբեք Իրանի դեմ դավադրությունների մեջ չի մտնի, եւ դա այնքան ակնհայտ է, որ դրա մասին նույնիսկ պետք չէ ասել: Հակառակը՝ մենք խոշոր նախագծեր ունենք Իրանի հետ։ Պարոն Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել ենք արագացնել դրանք, մասնավորապես՝ կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրանական ընկերություն, եւ խնդրում ենք հնարավորինս արագ կառուցել այն: Հույս ունենք առաջիկայում երկարաձգել գազ-էլեկտրաէներգիայի դիմաց գործարքը: Հանդիպումների ժամանակ առաջարկել եմ վերադառնանք կամ վերհիշենք, որ կար Մեղրիի ջրամբարի եւ ՀԷԿ-ի շինարարության հարց, որը կարծում եմ, շատ կարեւոր է ոչ միայն էներգետիկ, այլեւ ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առումով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:Վարչապետն ընդգծել է, որ վերջին շրջանում լուծվել է Իրանի հետ ունեցած երկարատեւ խնդիրներից մեկը՝ կապված դեպի Արաքս գետ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումների հետ։ «Հարցն անընդհատ բարձրացվում էր, եւ ուրախ եմ արձանագրել, որ այն լուծվել է, որովհետեւ կոմբինատն անցել է փակ ցիկլի եւ արտանետումներ չի անում: «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ի դեմս որի ունենք գործընկեր, արձագանքեց կառավարության հորդորներին, եւ սա մեզ հնարավորություն տվեց ավելի խորացնել հարաբերությունները նրանց հետ»,- նշել է կառավարության ղեկավարը: Tweet Դիտում՝ 883