Այսօր Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կնքվեց պայմանագիր Արմսվիսբանկի եւ բուհի միջեւ։ Փաստաթուղթը ստորագրեցին ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը եւ Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը։ Փաստաթղթի համաձայն՝ բանկը ԵՊԿ Ղ․ Սարյանի անվան օպերային ստուդիային անհատույց տրամադրում է բեմի համար նախատեսված ժամանակակից լուսային եւ այլ տեխնիկական միջոցներ։ Այս նվիրատվությամբ օպերային ստուդիան հնարավորություն կունենա բեմադրել լուսային ժամանակակից լուծումներ պահանջող բեմադրություններ, միջոցառումներ։ «Այս պայմանագիրը բուհ-մասնավոր հատված համագործակցության հիանալի օրինակ է։ Արմսվիսբանկի տրամադրած տեխնիկայով մեծ աջակցություն է ցուցաբերվում նախ եւ առաջ երաժիշտ ուսանողներին, որոնք հետագայում հանդես են գալու միջազգային բեմերից եւ բարձր պահելու Հայաստանի անունը»,- նշել է ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը»։ «Շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Բանկը կարեւորում է մեր երկրում մշակութային ակտիվ կյանքը եւ այն նոր տեխնոլոգիաներով հագեցնելը: Մեծանուն հայ օպերային երգչուհի եւ Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանի՝ Օպերային ստուդիային աջակցություն տրամադրելու խնդրանքին, մենք անմիջապես արձագանքեցինք։ Տեղում այցելություն կատարելով՝ որոշում կայացվեց, որ պետք է կատարել մնայուն ու երկարատեւ աջակցություն, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ մշակութային կյանքում եւ հանդիսատեսի համար։Մեր ցանկությունն է, որպեսզի նվիրաբերվող լուսային համակարգը նպատակային օգտագործվի եւ աշխուժացնի ուսանողների ուսումնական գործընթացը։Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանի մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելու գործում ունենանք մեր համեստ ներդրումն ու աջակցությունը։ Այդ նպատակով բանկը երկար տարիներ հանդես է գալիս ՀՀ մշակութային տարբեր օջախներին աջակցության ծրագրերով»,- նշել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը։ Tweet Դիտում՝ 986