Եղանակային պայմանների պատճառով 2021 թվականի առաջին կիսամյակում ապահովագրական ընկերությունների կորուստները հասել են մոտ $40 միլիարդի, ինչը վերջին տասնամյակում տարվա այս ժամանակահատվածի համար ամենաբարձր ցուցանիշն է:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Swiss Re վերաապահովագրական ընկերության ուսումնասիրությանը:Կլիմայի փոփոխությամբ եւ աղետների ենթարկվող տարածաշրջաններում քաղաքների արագ աճով պայմանավորված՝ եղանակային պայմանները հանգեցրել են «բնական աղետներից ամենախոշոր կորուստների ապահովագրողների համար» 2011 թվականից ի վեր՝ Ճապոնիայում եւ Նոր Զելանդիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո: Մասնավորապես, փետրվարի 13-17-ը Հյուսիսային Ամերիկայում ձմեռային փոթորկի պատճառով ապահովագրական ընկերությունների կորուստները հասել են $15 միլիարդի: Swiss Re-ի վերլուծաբանները դեռեւս հանդես չեն եկել երկրորդ կիսամյակում ապահովագրողների կորուստների կանխատեսմամբ, սակայն, ընկերության ներկայացուցիչ Մարտին Բերտոգի խոսքով, այս ժամանակահատվածը կարող է կորուստների առումով ռեկորդային դառնալ՝ հաշվի առնելով հուլիսին Չինաստանում եւ Եվրոպայում տեղի ունեցած սաստիկ ջրհեղեղները: Գերմանացի փորձագետների կարծիքով՝ Գերմանիայի արեւմուտքում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով ապահովագրական վնասը կարող է հասնել €5 միլիարդի:Ինչ վերաբերում է բնական եւ տեխնածին աղետներից համաշխարհային տնտեսությանը հասցված վնասին, ներառյալ՝ ապահովագրված եւ չապահովագրված կորուստները, ապա 2021 թվականի առաջին կիսամյակում այն կազմել է $77 միլիարդ, ինչը ցածր է տասնամյակի միջին ցուցանիշից: Ինչպես նշում է Swiss Re-ն, տարբեր աղետների հետեւանքով զոհվել կամ անհետ կորել է մոտ 4,5 հազար մարդ: Tweet Դիտում՝ 5349