«Մի դրամի ուժը». 6.925.000 դրամ՝ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին

06.08.2021 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Idram #«Մի դրամի ուժը»
IDBank-ն ու Idram-ը ամփոփել են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունիս եւ հուլիս ամիսների ընթացքում կուտակված «Մի դրամների» ողջ գումարը՝ 6․925․000 ՀՀ դրամ, փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+)։

«Սա մեր հերթական աջակցությունն է 1000+ հիմնադրամին, քանի որ գիտակցում ենք, թե որքան կարեւոր է այսօր մեր հասարակության հոգածությունը այն մարդկանց համար, որոնք չխնայեցին իրենց կյանքն ու առողջությունը։ Ուստի փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներով օգտակար լինել մեր հերոսներին»,- ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնությունն իրականացնելու համար: Թվում է, թե մեկ դրամը փոքր գումար է, բայց իրականում այստեղ աշխատում է թվերի ուժը, եւ որքան շատ են լինում այդ գործարքները, այդքան այդ թվերը աճում են, ինչը մեր զինծառայողների ապահովագրության համակարգի գաղափարախոսությունն է: Փիլիսոփայությունների նույնություն կա»,- ընդգծել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հիմնական ուղղությունն ի սկզբանե կրթությունն էր, սակայն պատերազմի հետեւանքով ընկերություններն ուշադրության կենտրոնում են պահում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։

«Ծրագրի հաջորդ շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է։ Վահեն զոհվել է արցախյան երրորդ պատերազմում, վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելիս։ Նա մասնագիտությամբ կլինիկական դեղագետ էր եւ ամեն ինչ անում էր իր մասնագիտության մասսայականացման համար։ Իր կիսատ թողած գործն այսօր շարունակում է հիմնադրամը։ Հենց այդ պատճառով էլ որոշեցինք աջակցել հիմնադրամի կրթական նախաձեռնություններին»,- ասել է Տաթեւիկ Վարդեւանյանը։

Վահե Մելիքսեթյանի եղբոր՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի խոսքով` կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է` կյանքի կոչելու Վահեի մասնագիտական գաղափարներն ու նպատակները․

«Արդեն սեպտեմբերից պատրաստվում ենք անվանական կրթաթոշակներ տրամադրել Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական դեղագետի մասնագիտությունն ընտրած լավագույն օրդինատորներին, պատրաստվում ենք նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Վահեն կարծում էր, որ մի շարք զարգացած երկրների պես Հայաստանում եւս յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ունենա կլինիկական դեղագետների հաստիքներ, ինչն էականորեն կկրճատի ոչ ռացիոնալ դեղաբուժության արդյունքում առաջացած հսկայական ծախսերը, ինչպես նաեւ կնվազեցնի դեղերի ոչ ռացիոնալ կիրառման արդյունքում հիվանդների առողջությանը հասցված վնասները։ «Մի դրամի ուժը» նախագծի մասին ես տեղեկացա գրեթե մեկ տարի առաջ եւ շատ հավանեցի գաղափարը։ Անգամ չէի էլ կարող ենթադրել, որ մի օր կդառնանք այս հրաշալի նախաձեռնության շահառուն։ Ես շատ շնորհակալ եմ ԱյԴի Բանկին եւ Իդրամին մեզ հավատալու, աջակցելու եւ առաջին խոշոր գործընկերը դառնալու համար»։

Մինչեւ հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բանկի եւ Իդրամի կողմից ամենատարբեր ծրագրերի եւ նախաձեռնությունների ընդհանուր առմամբ նվիրաբերվել է մոտ 34 մլն ՀՀ դրամ։

Ընկերություններում հիշեցրել են, որ յուրաքանչյուր անձ կարող է նպաստել, որ ավելի մեծ գումար տրամադրվի «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով․ ամեն ինչ սկսվում է մի դրամից։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել արդեն 5500-ից ավելի վաճառակետերում եւ ավելի քան 400 առցանց խանութներում, իսկ գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 3867
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW