«Սոլարոն»-ը Հայաստանում արեւային վահանակներ արտադրող առաջին ընկերությունն է։ Տարիների փորձի եւ ձեռքբերումների արդյունքում ընկերությանը հաճախ դիմում են գործընկերները՝ Չինաստանից Հայաստան ներկրված արեւային վահանակների թեստավորման նպատակով: Ընդառաջելով գործընկերներին՝ «Սոլարոն» ընկերությունը ներկրողի ներկայությամբ թեստավորել է չինական շատ հայտնի արտադրողների վահանակներ․ արդյունքում չի հայտնաբերվել ոչ մի թերություն: Միաժամանակ, լինելով արեւային վահանակների արտադրող եւ դրանց բոլոր բաղադրամասերի արժեքներին լավ տիրապետող ընկերություն՝ «Սոլարոն»-ը սկսեց ուսումնասիրել՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում հայկական շուկայում չափազանց մատչելի արժեքով վահանակների առկայությունը: Հերթական անգամ թեստավորելով հայկական շուկայից ձեռքբերված վահանակը՝ պարզեց, որ վահանակը, որի վրա հստակ գրված էր 415 Վտ, տվեց ընդամենը 399 Վտ հզորություն: ««Սոլարոն»-ը նույնպես արտադրում է այդպիսի վահանակներ եւ մակնշում վերջիններս որպես 395 Վտ (նկատի ունենալով 5 Վտ տեսակավորումը)։ Ընկերությունն իրականացնում է թեստավորումը A+A+A+ արեւային սիմուլյատորի միջոցով, որն ունի ճառագայթման միատարրության ճշգրտության եւ ժամանակային անկայունության մինչեւ 1% շեղում։ Թեստավորման համակարգի ճշտգրտման համար օգտագործվող ոսկե էտալոն վահանակը թեստավորված եւ հավաստագրված է աշխարհահռչակ լավագույն գերմանական Ֆրանհոֆեր լաբորատորիայի կողմից: Ի վերջո, թեստավորման արդյունքում հասկանալի դարձավ, որ 395 Վտ վահանակը, որպես 415 Վտ վաճառելիս, կարելի է ստանալ բավականին գրավիչ գին: Բոլոր կասկածները փարատելու նպատակով՝ հաճախորդի ներկայությամբ մի քանի անգամ նույն պայմաններում թեստավորվել են եւ՛ ներկրված, եւ՛ «Սոլարոն»-ի կողմից արտադրված վահանակները։ ««Սոլարոն» ընկերության նպատակն է խելամիտ գնով հաճախորդին առաջարկել համապատասխան հզորության որակյալ ու անխափան աշխատանք ապահովող արեւային կայաններ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 1270