Հայաստանը եւ Իրանը բեռնափոխադրումներին նոր թափ տալու հուշագիր են ստորագրել

25.05.2021 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Իրան #Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասել է, որ հայկական կողմը հետաքրքրված է ընդլայնել Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունը եւ առեւտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաեւ ձեռնարկել գործնական քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։

Այս մասին նախարարը նշել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման եւ կանոնակարգման, ինչպես նաեւ Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ նոր ուղիղ չվերթների գործարկմանը, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։

Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն, որպեսզի երկկողմ առեւտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ ստանան։ Այդ նպատակով ստորագրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ԻԻՀ ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրով նախատեսվում է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի եւ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը կուսումնասիրի առեւտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը եւ առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։
Դիտում՝ 770
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW