ՀԲ-ն $7,4 մլն կուղղի ՀՀ երկու մարզում բժշկական կենտրոնների շինարարությանը

05.02.2021 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային բանկ
«Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» ծրագրի $7,4 մլն գումարով լրացուցիչ ֆինանսավորումը, որն այսօր հաստատվել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների կողմից, կնպաստի Հայաստանի առողջապահական համակարգի հակազդեցությանը COVID-19-ին եւ հնարավոր ապագա համավարակներին, այդ թվում՝ դեպքերի վարման եւ ինտենսիվ թերապիայի հետ կապված հիվանդանոցային կարողություններին։

Ծրագրի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը կլրացնի Գեղարքունիքի մարզում Մարտունու բժշկական կենտրոնի շինարարության եւ սարքավորումներով հագեցման եւ Վայոց Ձորի մարզում նոր բժշկական կենտրոնի կառուցման եւ սարքավորումներով հագեցման ֆինանսական ճեղքը։

«Առկա են հիվանդանոցային բուժօգնության ապահովման սուր խնդիրներ, հատկապես՝ Վայոց Ձորի մարզում, որտեղ տասնամյակներ շարունակ հիվանդանոցային ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ ներդրումներ չեն կատարվել։ Վայոց Ձորի մարզում համավարակի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի կլինիկական վարման համար հիվանդանոցային հզորությունների սահմանափակումներով պայմանավորված՝ ինտեսիվ թերապիա պահանջող դեպքերը տեղափոխվել են շրջակա մարզերի հիվանդանոցներ՝ առաջացնելով ծառայությունների հասանելիության ուշացումներ եւ մահացության ռիսկի բարձրացում»,- նշված է ՀԲ Հայաստանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Հայաստանի առողջապահական բարեփոխումներին ուղղված մեր աջակցության հիմքում առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման հզորացումն է: Ինձ հատկապես գոհացնում է այն, որ ծրագիրը Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզի ավելի քան 137 000 բնակչի կապահովի որակյալ բժշկական օգնությունից օգտվելու հնարավորությամբ։ Մեծ հպարտություն եմ զգում նաեւ մեր օգնությամբ կառուցված եւ սարքավորումներով հագեցված մարզային բժշկական կենտրոնների թվի համար՝ ընդհանուր թվով 18 կենտրոն, ինչը Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ երկարատեւ համագործակցության արդյունքն է»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն։

Այս ներդրումները, որոնք հաշվի են առնում համավարակի ընթացքում քաղած դասերը՝ կապված առողջապահական ավելի ներառական համակարգեր ստեղծելու հետ, կնպաստեն առաջիկայում ՀՀ առողջապահության համակարգի դիմակայունության ամրապնդմանը։

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակը ցույց տվեց հիվանդանոցային բուժօգնության եւ առողջության պահպանման առաջնային օղակներում որակյալ բուժօգնության համընդհանուր հասանելիության խիստ կարեւորությունը՝ ոչ վարակիչ հիվանդություններին արձագանքելու, վարակիչ հիվանդությունների տարածումը հայտնաբերելու եւ վաղաժամ մահացությունը կանխարգելելու համար։ Սույն ծրագրի միջոցով տրամադրվող աջակցությամբ կկրճատվի անհրաժեշտ ծառայություններից օգտվելու ժամանակն ու ծախսը՝ հատկապես Վայոց Ձորի թերսպասարկվող մարզում»,- իր հերթին նշել է ծրագրի մասով Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար Ադանա Չուկվուման։

$7,4 մլն գումարով Լրացուցիչ ֆինանսավորումը փոփոխական սպրեդով ՎԶՄԲ վարկ է, որի արտոնյալ ժամկետը 14,5 տարի է, իսկ մարման ընդհանուր ժամկետը՝ 25,5 տարի։ 1992թ․-ին Համաշխարհային բանկին, իսկ 1993 թ․ ՄԶԸ անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները մոտավորապես $2,434,734 միլիոն են կազմել։
Դիտում՝ 4958
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW