Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) տեղեկացնում է, որ ՀԱՀ-ը հաջողությամբ ավարտին է հասցրել «Պատվենք զինվորական ծառայությունն ավարտածներին՝ ներդնելով նրանց կրթության մեջ» կրթաթոշակային նախաձեռնությունը, որի շրջանակներում ՀԱՀ-ի՝ ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած ուսանողների կրթությունը ֆինանսավորելու նպատակով հավաքվել է ավելի քան $1․5 մլն։ Ինչպես նշել են ՀԱՀ-ում, կրթաթոշակային նախաձեռնության նպատակն է աջակցել պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած ուսանողներին՝ տալով նրանց ՀԱՀ-ում որակյալ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն։ Մասնավորապես, նախատեսված լինելով զորացրված ուսանողների համար՝ ֆոնդը կնպաստի նրանց հետագա հաջողություններին եւ ճանապարհ կհարթի մասնագիտական աճի եւ կարիերայի զարգացման համար։Ֆոնդի շնորհիվ ստեղծվել են նաեւ անվանական կրթաթոշակներ՝ ի պատիվ ՀԱՀ-ի այն 6 ուսանողների, ովքեր 2020թ. Արցախյան պատերազմում հերոսաբար ընկել են կռվի դաշտում. Շավարշ Մուրադյան, Դավիթ Ուզունյան, Էրիկ Հաջիկյան, Ազիզ Աղաջանյան, Արեգ Գեւորգյան եւ Հակոբ Հակոբյան։ Արցախյան պատերազմի այս հերոսների հիշատակը հավետ վառ կմնա՝ կրթաթոշակների միջոցով ՀԱՀ-ում սովորող եւ զինվորական ծառայությունն անցած ուսանողների ուսումը խթանելով։«Այս ֆոնդի շնորհիվ զինվորական ծառայությունն ավարտած ուսանողները շարունակաբար ուսման վարձի փոխհատուցում կստանան։ Վերջին պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ կրթությունն առանցքային դեր ունի հասարակական կյանքի, արժեքների եւ մշակույթի ձեւավորման մեջ, եւ այդ տեսանկյունից համալսարանները մեծ դերակատարում ունեցող հաստատություններ են։ Այս ֆոնդը հնարավորություն կտա զինծառայությունն ավարտած մեր ուսանողներին ստանալու որակյալ կրթություն ՀԱՀ-ում եւ հաջողելու հետագա նախաձեռնություններում»,- նշել է ՀԱՀ նախագահ դոկտոր Կարին Մարկիդեսը: «Չնայած «Պատվենք զինվորական ծառայությունն ավարտածներին՝ ներդնելով նրանց կրթության մեջ» կրթաթոշակային նախաձեռնությունը դրամահավաքի արդյունքում հասել է իր թիրախային արդյունքին, այն շարունակում է բաց մնալ հետագա նվիրատվությունների համար: Ցանկության դեպքում նվիրատվություն կարող եք կատարել առցանց: Վերոնշյալ կրթաթոշակային նախաձեռնության եւ ՀԱՀ-ում զինծառայողներին աջակցող այլ ծրագրերի մասին տեղեկություն ստանալու համար այցելե՛ք մեր կայք հետեւյալ հղումով՝ veterans.aua.am»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 4274