«Մի դրամի ուժն» ամփոփեց հերթական ծրագիրը. 2 ամսվա ընթացքում IDBank-ն ու Idram-ը իրենց հաճախորդների կողմից կատարված յուրաքանչյուր վճարման դիմաց 1 դրամ փոխանցելով՝ կուտակեցին 3 603 291 դրամ, որը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Idram ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանի խոսքով` գումարը ծրագրի մեկնարկին որոշվել էր փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: «Սակայն տվյալ փուլում, երբ պատերազմն ավարտվել է, եւ մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, կարծում ենք, որ պետք է մեր պարտքը տանք հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին, եւ այս անգամ 3,5 մլն-ը գերազանցող գումարը փոխանցում ենք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին», - ասել է Գոռ Ամիրյանը։«Ինչ վերաբերում է «Մի դրամի ուժի»՝ դեկտեմբերի 1-ից մեկնարկող հերթական փուլին, ապա այն եւս կծառայի հայրենիքի պաշտպաններին․ դեկտեմբերի 1-ից 2021թ․ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում կուտակված «մի դրամները» կփոխանցվեն «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»,- ասել է բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը՝ կարեւորելով նման նախաձեռնությունները նշել է, որ ներկայում Զինվորի տանը բուժում է ստանում 200 զինվոր։ «Ինչպես պարտադիր է զինվորական ծառայությունը, այնպես էլ պետք է պարտադիր լինի դրանից հետո հասնող աջակցությունը, եւ դա պետք է թե պետությունը անի, թե հասարակությունը»,- ասել է նա։Ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդամենը վճարում կատարելով Idram հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, բանկի եւ Idram-ի տերմինալներով, հաճախորդները, չվճարելով անգամ 1 դրամ ավել, դառնում են բարի կամքի դեսպան, եւ IDBank-ն ու Idram-ը սեփական միջոցներից 1 դրամ փոխանցում են այս դեպքում՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Tweet Դիտում՝ 15717