Միջազգային ֆինանսների ինստիտուտի (Institute of international finance, IIF) ուսումնասիրության համաձայն, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում համաշխարհային պարտքի ծավալն աճել է աննախադեպ տեմպերով: Կորոնավիրուսի համավարակի պատճառած ճգնաժամի արդյունքում «պարտքային ցունամին» հարվածեց կառավարություններին եւ ընկերություններին:Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, այս տարի համաշխարհային պարտքի ընդհանուր ծավալն աճել է $15 տրլն-ով, ամբողջ տարվա համար այն կարող է գերազանցել $277 տրլն-ը: IIF-ն կանխատեսում է, որ 2020 թ. վերջին այդ ցուցանիշը կկազմի համաշխարհային ՀՆԱ-ի 365%-ը՝ 2019-ի վերջի 320%-ի փոխարեն:Պարտքի առավել ծանր բեռը դիտվում է զարգացող շուկաներում, որտեղ տարվա սկզբից պարտքն աճել է 26 տոկոսային կետով`մոտենալով ՀՆԱ-ի 250%-ին: G20-ի երկրները հայտարարել են նախաձեռնության մասին, որը ներկայումս թույլ է տալիս աշխարհի ամենաաղքատ 46 երկրներին հետաձգել շուրջ $5 մլրդ-ի պարտքի վճարում: Զարգացած տնտեսությունների պարտքի մակարդակն այս տարի աճել է ավելի քան 50 տոկոսային կետով`սեպտեմբերի վերջին հասնելով ՀՆԱ-ի 432%-ին: Միաժամանակ, այս ծավալի շուրջ կեսը բաժին է ընկել ԱՄՆ-ին. երկրի պարտքի ցուցանիշն այս տարի կարող է հասնել $80 տրլն-ի՝ 2019-ի վերջի $71 տրլն-ի փոխարեն: Tweet Դիտում՝ 4591