ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտնում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում պետությունը Հայաստան օժանդակություն ուղարկող անհատներին ու կազմակերպություններին կազատի հարկերից: Հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին:Ըստ օրենքի, նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչությունից որեւէ մեկին` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ առողջապահության նախարարությանը: Ի դեպ, սա վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումներին: Երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանը ընթացակարգի դեպքում:«Որպեսզի արտոնությունը կիրառվի, ԵԱՏՄ միասնական օրենսդրության պահանջով պետք է, այնուամենայնիվ, ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր եւ անուղղակի հարկերը վճարված լինելու վերաբերյալ հայտարարություն: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները պետք է նաեւ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեն ստացող նախարարություններին, որոնք էլ պետք է վավերացնեն փաստաթուղթը: Ֆիզիական անձանց դեպքում արտոնությունից օգտվելու կարգն այլ է: Եթե ռազմական դրության օրերին անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան եւ նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել:Ռազմա¬կան դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ են նախատեսված նաեւ երրորդ երկրներից ներմուծումների եւ տեղական արտադրողների համար»,- հայտնում են ՊԵԿ-ում:Հարկային արտոնության մյուս խումբը վերաբերում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներին: Օրինակ` շշալցված եւ հանքային ջրերը կամ այլ ապրանքատեսակներ այս օրերին հնարավոր է պետությանն անհատույց օտարել` առանց պիտակավորման:Թե որ ապրանքները պետությանն անհատույց տրամադրելիս հարկեր չեն գանձվի, հնարավոր կլինի իմանալ Կառավարության սահմանած ցանկով: Մինչ այդ հարկային արտոնությունը գործում է սեպտեմբերի 27-ից հետո պետությանը նվիրաբերված բոլոր ապրանքների դեպքում: Տնտեսվարողները, որոնք սեպտեմբերի վերջին օրերին ներմուծած եւ մինչեւ այս օրենքի ընդունվելը պետությանն անհատույց տրամադրած ապրանքների համար արդեն կատարել են հարկային պարտավորությունները, պետք է գործարքը ճշգրտեն` էլեկտրոնային եղանակով հայտարարագիր ներկայացնելով: Էլեկտրոնային այս ընթացակարգերին տնտեսվարողները քաջատեղյակ են: Tweet Դիտում՝ 1941