Վարչապետը՝ կորոնավիրուսի պայմաններում ապրելու եւ աշխատելու մասին

29.04.2020 | 08:02 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #կորոնավիրուս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 28-ին տեղի է ունեցել կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման հակաճգնաժամային քաղաքականությանը վերաբերող հերթական խորհրդակցությունը։

Մինչ քննարկումը սկսելը՝ վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի պայմաններում ապրելու եւ տնտեսական գործունեություն ծավալելու կարեւոր սկսզբունքներին։

Կորոնավիրուսի պայմաններում ապրելու մասին

Կորոնավիրուսային ճգնաժամի մեկնարկից ի վեր, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում բոլորս կարծել ենք, որ մեզ կհաջողվի արագ, օպերատիվ միջոցներով հասնել կոնկրետ խնդիրների լուծման, որովհետեւ հույս ենք ունեցել, որ կորոնավիրուսը կարճաժամկետ եւ, համենայն դեպս, տեսանելի ապագայում լուծվող խնդիր է: Եկել է ժամանակը՝ խոստովանելու, որ մենք առնվազն առաջիկա մեկ տարին պիտի ապրենք կորոնավիրուսի ներկայության պայմաններում: Սա նշանակում է, որ մեր մարտավարական եւ կարճաժամկետ պատկերացումները պետք է փոխենք երկարաժամկետ եւ ռազմավարական պատկերացումներով:

Եկել է ժամանակը, որ մենք բարձրաձայն արձանագրենք, խոստովանենք եւ հանրությանն էլ ասենք, որ առնվազն առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ապրելու ենք կորոնավիրուսի հետ համատեղ: Առաջին գործողությունը այն է, որ պետք է ինքներս մեզ եւ մեր հանրությանը կարողանանք ադապտացնել կորոնավիրուսի պայմաններում ապրելուն, զարգանալուն եւ ժամանակը ռացիոնալ օգտագործելուն՝ իհարկե, հասկանալով, որ դա իր հետ բերելու է նաեւ որոշակի ռիսկեր համաճարակային առումով: Այս պայմաններում բնականոն կամ նոր հանգամանքներին համապատասխան բնականոն ապրելու եւ աշխատելու համար պետք է կարողանանք վարքագծային նոր կանոններ մշակել, վարքագծային նոր ռեֆլեքսներ ձեռք բերել՝ ամենօրյա կյանքում, տնտեսական գործունեության մեջ: Սա թերեւս ամենակարեւոր խնդիրն է:

Կորոնավիրուսի պայմաններում աշխատելու մասին

Մեր ռազմավարությունը, մարտավարությունը հետեւյալն է, որ առաջիկայում՝ դեռ մինչեւ արտակարգ դրության ռեժիմի սահմանված ավարտը, մենք պետք է տնտեսական գործունեության, ըստ էության, բոլոր դաշտերը բացենք, բայց այդ ընթացքում նաեւ Առողջապահության նախարարությունը, Կառավարությունը, Պարետատունը պետք է սահմանեն անվտանգության այն նվազագույն կանոնները, որոնց պայմաններում պետք է գործեն տնտեսական բոլոր ընկերությունները, պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները: Սա հեշտ չի լինելու անել, որովհետեւ եթե այս պրոցեսը տեղի չունենա շատ բարձր ինքնագիտակցության եւ կարգապահության պայմաններում, դա կարող է բերել համաճարակային նոր բռնկումների: Մեր խնդիրը հետեւյալն է՝ այնպես անել, որ համաճարակային նոր բռնկումները մեզ չստիպեն հետ գնալ խիստ սահմանափակումների դաշտ, որովհետեւ դա, նախ ավելի դժվար կլինի անել, եւ երկրորդը, կլինի ավելի սթրեսային եւ ցավոտ տնտեսության եւ հանրության համար:

Մեր քննարկումները պետք է քայլ-քայլ, մարտավարական, այսրոպեական խնդիրների լուծման տրամաբանությունից տեղափոխենք երկարաժամկետ եւ ռազմավարական խնդիրների տրամաբանություն, չնայած ի սկզբանե այդպես էլ պլանավորել էինք: Եթե ֆինանսական տերմինաբանությամբ ասենք, մենք որոշել ենք, որ 150 մլրդ դրամի հակաճգնաժամային փաթեթներ, միջոցառումներ պետք է իրականացնենք, որից 25 մլրդ դրամը՝ սոցիալական, 25 մլրդ դրամը՝ տնտեսական բնույթի օժանդակության համար, 80 մլրդ դրամը պետք է լինի մեր ռազմավարական ներդրումը տնտեսության վերափոխումների համար եւ եւս 20 մլրդ դրամ ռեզերվային գումար որեւէ ուղղությամբ օգտագործելու համար:
Դիտում՝ 1079
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW