ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում շարունակելու է իր բնականոն աշխատանքը: Կոմիտեի հիմնական խնդիրներն են Հայաստանի տնտեսական անվտանգությանը նպաստումը եւ Կոմիտեի կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը, ուստի ՊԵԿ-ը յուրատեսակ առաջնագիծ է եւ այս պատասխանատու իրավիճակում չի կարելի տարատեսակ մտավախությունների պատճառով թուլացնել աշխատանքային պարտականությունների կատարման եռանդը եւ անգամ աննշան չափով շեղվել պատասխանատու վարքագիծ ցուցաբերելու անհրաժեշտությունից:«ՊԵԿ աշխատակիցներից պահանջվում է խորապես ըմբռնել ստեղծված իրավիճակի նրբությունը, դրսեւորել տոկունություն եւ սեփական օրինակով քաջալերելով` նպաստել առկա մարտահրավերներն առավել նվազ կորուստներով հաղթահարելուն: Իր հերթին ՊԵԿ ղեկավարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերն աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այդ նպատակով ՊԵԿ վարչական շենքերի մուտքերում եւ շինության տարբեր հատվածներում տեղադրվել են ախտահանող միջոցներ, ամենօրյա ռեժիմով իրականացվում է աշխատակիցների մարմնի ջերմաստիճանի ստուգում եւ ՊԵԿ անձնակազմի տեղաշարժն ապահովող տրանսպորտային միջոցների ախտահանում: Քաղաքացիների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցներն ապահովվել են նաեւ անհատական պաշտպանիչ միջոցներով: Միաժամանակ հորդորում ենք՝ խստորեն հետեւել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը եւ պետական լիազոր մարմինների ցուցումներին»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 984