Երեւան, 30 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ կառավարությանն առնըթեր Հարկային պետական ծառայությում ներդրվել է վստահության հեռախոս` հարկային ոլորտին առնչվող խնդիրներով քաղաքացիները կարող են զանգահարել 53-62-91 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 9:00-17:00: Ինչպես հաղորդեցին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը ՀՊԾ մամլո ծառայությունում, վստահության հեռախոսը ներդրվել է կառավարության հանձնարարականի համաձայն` Հարկային ծառայության աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու, հարկատուներին` իրենց խնդիրները բարձրաձայնելու եւս մեկ հնարավորություն տալու նպատակով, “ինչպես նաեւ նկատի ունենալով, որ վերջին շրջանում հարկային պետական ծառայությունը դառնում է քաղաքական շահարկումների թիրախ, եւ մամուլում տեղ են գտնում ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ` կապված հարկային վարչարարության խստացման եւ հարկային օրենսդրության մեջ տեղի ունեցած փոփոխությունների հետ”: Մամլո ծառայությունում նշեցին, որ վստահության հեռախոսակապը “հնարավորություն կտա օպերատիվ կերպով եւ մասնագիտորեն արձագանքելու հարկատուների խնդիրներին` կանխելով շահարկումներն ու ապատեղեկատվությունը”: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7029