Երեւան, 26 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ձեռք է բերել “Արդշինինվեստբանկ” ՓԲԸ բաժնետոմերի 10%-ը, այսօր Երեւանում հայտնել է բանկի վարչության նախագահ Արամ Անդրեասյանը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, IFC բաժնետոմսային ներդրումների չափը կազմում է $10 մլն: Բացի այդ, IFC-ն “Արդշինինվեստբանկին” տրամադրել է $15 մլն երկարաժամկետ վարկ: IFC երեւանյան գրասենյակի ղեկավար Ներսես Կարամանուկյանն ասել է, որ IFC-ի “Արդշինինվեստբանկի” հետ համագործակցության նպատակը փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման ֆինանսական աղբյուրների հասանելիության բարձրացումն է հիփոթեքային վարկավորման զարգացումը: “Այդ ներդրումը համապատասխանում է Հայաստանում IFC-ի ռազմավարությանը, որն ուղղված է ցածր եկամուտներ ունեցող անձանց կյանքի մակարդակի բարելավմանն եւ բնակարանների ձեռք բերման համար ֆինանսական աղբյուրների հասանելության բարձրացմանը”,- ասել է Ներսես Կարամանուկյանը: Հայաստանի ԿԲ նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս գործարքն ամենախոշորն է Հայաստանի բանկային ոլորտում 2007 թ. ընթացքում: “Արդշինինվեստբանկի” կապիտալը վերջին տարվա ընթացքում աճել է 67.2%-ով եւ 2007 թ. վերջին կկազմի 19 մլրդ դրամ: Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) մտնում է Համաշխարհային բանկի խմբի մեջ: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2006 թ. հունիսին IFC-ն ձեռք էր բերել “Ինեկոբանկի” բաժնետոմսերի 10%-ը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6295